ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից
Օգոստոսի 6-ին, ժամը 12:25-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Սարդարապատ բնակավայր տանող ճանապարհին գտնվող բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի մասին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Նորապատի 5-րդ փողոցի բենզալցակայանում եղել է պայթյուն՝ առանց հրդեհի. մոտ 100 քմ տարածքում վնասվել են ստորգետնյա պահեստի վերին երկաթբետոնե կառուցատարրերը, առկա է դիզելային վառելիքի արտահոսք։ Տուժել է երկու անձ, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, կանխել դիզելային վառելիքի արտահոսքը և իրականացրել հերթապահություն։
