Միլիոնատերը 27-րդ անգամ փորձել է հանձնել քննությունը և ձախողվել է

Չինացի տղամարդը 27-րդ անգամ է փորձել հանձնել բուհ ընդունվելու ավարտական ​​քննությունը և նորից ձախողվել է։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Միլիոնատեր 56-ամյա Լիանգ Շին 40 տարի փորձում է հանձնել չինական ավարտական ​​քննությունը՝ համալսարան ընդունվելու համար: Նրա երազանքը միշտ եղել է Սիչուանի հեղինակավոր համալսարանի դիպլոմ ստանալը՝ ինտելեկտուալ համարվելու համար։ Շին ձախողել է իր առաջին «գաոկաոն»՝ միասնական պետական ​​քննության չինական համարժեքը, 1983 թվականին:

Առաջին անհաջողությունից հետո Շին մեկ տարի անց կրկին փորձել է հանձնել քննությունը, սակայն էլի ձախողվել է և ընդունվել է տեխնիկում։ Նա շուտով դուրս է մնացել այնտեղից։ Նա երկար տարիներ աշխատել է ցածր վարձատրվող պաշտոններում, սովորական գործարանային բանվոր է եղել և ժամանակ առ ժամանակ փորձել է նորից քննություն հանձնել։ 1992-ին նա բավական միավորներ է հավաքել և ընդունվել  բուհերից մեկը, բայց դա իր երազանքի համալսարանը չէր, և տղամարդը հրաժարվել է այդ տեղից։ Շուտով նա անցել է «գաոկաոյի» մասնակցության վերին տարիքային շեմը, սակայն 2001 թվականին Չինաստանի իշխանությունները հանել են սահմանափակումը, և Շին վերսկսել է իր փորձերը։ 2010 թվականից ամեն տարի նա հունիս ամսին քննություն է հանձնում։

Բարձրագույն կրթություն ստանալուն զուգահեռ Շիին հաջողվել է տարիների ընթացքում բացել սեփական բիզնեսը. նա ունի շինանյութերի արտադրության իր գործարանը։ Տղամարդը միլիոնավոր յուան ​​է վաստակել իր բիզնեսից, բայց դեռ կարծում է, որ առանց համալսարանական կրթության չի կարող երջանիկ լինել։ «Գաոկաոն» հաջող հանձնելու համար վերջին մի քանի տարիների ընթացքում նա ամբողջովին հրաժարվել է ալկոհոլից ու զվարճանքներից և ամբողջ ժամանակը ծախսում է սովորելու վրա։ Չնայած ջանքերին՝ Շին այս տարի վերջին փորձից էլ 34 միավոր պակաս է ստացել։ 750-ից 428 միավորի արդյունքը բավարար չէ նույնիսկ սովորական չինական բուհ ընդունվելու համար, էլիտար համարվողների մասին էլ չասած։

Չնայած Շին, ով համառության շնորհիվ հայտնի է դարձել, այս անգամ հիասթափված է արդյունքներից։

«Եթե ​​հույս չկա, որ ավելի լավ կլինի, ուրեմն շարունակելն իմաստ չունի։ Ես իսկապես ջանասիրաբար պատրաստվում էի։ Չեմ կարող ասել՝ հաջորդ տարի կհանձնեմ «գաոկաոն», թե ոչ: Դա ծանր որոշում է, և հանձնվել էլ չեմ ցանկանում : Եթե ​​դադարեցնեմ, ամբողջ կյանքում ամեն բաժակ թեյի մեջ ափսոսանքի համը կզգամ»,– ասել է նա։

Share This