Մեկուկես տարին բավական ժամանակ էր իրանական գազի խողովակը մինչև Մեղրի ավելի լայն կառուցելու համար. Հրանտ Բագրատյան
Մեկուկես տարին բավական ժամանակ էր իրանական գազի խողովակը մինչև Մեղրի ավելի լայն կառուցելու համար, որովհետև իրանական կողմում խողովակը լայն է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հարցին, թե ինչով է պայմանավորված էլեկտրաէներգիայի արտադրության 3,5 տոկոսով պակասելը, Բագրատյանը պատասխանել է. «Դուք տեսա՞ք՝ նրանք (նկատի ունի կառավարությունը-խմբ.) ինչ ողորմելի պատասխան տվեցին այդ հարցադրմանը: Ասացին՝ Ալավերդիից չի աշխատել: Կարծես թե Ալավերդին 700 միլիոն կվատ էր սպառել: Բացարձակ սուտ էր: Մենք էլ դիտողություններ արեցինք»,-ասաց նա և հավելեց, որ այս ամսվանից նրանք թվերը կշտկեն:
Բագրատյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիների համար այսօր գազի գինը կամայական կարող է լինել, որովհետև նոր իշխանությունը չզարգացրեց Իրանի հետ հարաբերությունները, որպեսզի ռուսական գազի փոխարեն առաջարկի իրանականը:
«Սա հստակ տնտեսական հարց է: Գազամուղի և էլեկտրահաղորդման գծերի պայմանագրերը ես եմ ստորագրել. էլեկտրահաղորդման գիծը 1996-ին է կառուցվել, գազամուղը սկսել էին կառուցվել այդ ժամանակ, հետագայում տրամաչափը փոխել են: Պետք է գնալ, նոր գազամուղ կառուցել»,- նշեց նա:
«Ծիծաղելի է, որ իրանական գազի ներկրման լայն խողովակ կառուցելու համար Ռուսաստանը Հայաստանի դեմ քայլեր անի, որովհետև դա մեր սպառման համար է: Ուրիշ է, եթե ես իրանական գազամուղը կառուցեմ, ասեմ, սա Հայաստանից Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան գազ արտահանելու համար է: Ռուսաստանը կասի՝ մեր շուկային խփում եք»,- նկատեց տնտեսագետը:
Բագրատյանը նշեց՝ գործող իշխանությունների պրոպագանդան Ռուսաստանը մատուցում է որպես թշնամի պետություն: «Վերջ տվե՛ք այս ամենն անելուց: Ոչ մի երկիր թշնամի մի համարեք»,- ասաց նա:
