Մեծ Բրիտանիայի դեսպանի այցը` Գյումրի

Մայիս 16-ին Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը աշխատանքային այցով ժամանել է Գյումրի։ Այցի նպատակն է դիտարկել Միացյալ Թագավորության և Հայաստանի մարզերի միջև համագործակցության ընթացքը և ընդգծել Գյումրիում իրականացվող համատեղ ծրագրերի կարևորությունը։ Այցի շրջանակում դեսպանը հանդիպում է ունեցել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ։ Հանդիպումը ընթացել է ջերմ և կառուցողական մթնոլորտում։ Քաղաքապետը դեսպանին ներկայացրել է Գյումրիի պատմությունը՝ նշելով, որ Գյումրին երբեմնի արդյունաբերական հզոր կենտրոններից է եղել, իսկ այսօր Հանրապետության երկորդ քաղաքն է՝ պատմամշակութային ու տուրիստական կարևոր նշանակությամբ ։ Քաղաքապետն ընդգծել է նաև, որ Գյումրին ոչ միայն պահպանել է իր յուրահատուկ դիմագիծը, այլև այսօր ակտիվորեն շարժվում է զարգացման նոր ուղիներով։
Վարդան Ղուկասյանը կարևորել է հայ-բրիտանական համագործակցության ընդլայնումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական և հոգևոր ոլորտներում։ «Հայ ժողովուրդը ստամոքսապաշտ ազգ չէ, մենք հոգևոր ազգ ենք։ Այսօր մեզ անհրաժեշտ է հոգևոր կայունություն, արժեհամակարգի վերականգնում և ամենից կարևորը՝ կայուն եւ արժանապատիվ խաղաղություն։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի կառուցել լիարժեք և բովանդակային դիվանագիտական հարաբերություններ աշխարհի այլ երկրների հետ։ Ինձ համար, և ողջ մեր ժողովրդի համար, առանձնահատուկ նշանակություն ունի նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Դա ոչ միայն պատմական արդարության, այլև խաղաղության և վստահության հիմք է ազգերի միջև», — իր խոսքում ընդգծել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Դեսպան Գալագերը, իր հերթին, շնորհակալություն Է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է՝ շարունակելու համագործակցությունն ու աջակցությունը տարածաշրջանային զարգացման նախաձեռնություններին։ Այցը եզրափակվել է խորհրդանշական պահով ․ Գյումրիի քաղաքապետը դեսպանին է նվիրել քաղաքի սրտում գտնվող Սուրբ Նշան եկեղեցու լուսանկարը՝ որպես Գյումրու հոգևոր ժառանգության խորհրդանիշ։
Share This