Մայիսի 28․ Միասնության ու հաղթանակի օր.Բաբայան.

Սիրելի՛ հայրենակիցներ.

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրվա կապակցությամբ:

Այս պետական տոնի հիմքում հայ ազգի միասնականությունն է, անպարտելի ոգու, անկոտրում կամքի ու բացառիկ հայրենասիրության դրսևորումը: Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը նոր էջ ու վճռորոշ հաղթանակներ դարձան գաղթ ու ճակատագրական մարտահրավերներ հաղթահարած հայության համար:

 

Հավերժ փառք ու խոնարհում մայիսյան հաղթանակներ կերտած հայորդիներին, որոնց սխրանքներով իրականացավ մեր ժողովրդի՝ ինքնիշխան պետականություն ունենալու նվիրական երազանքը:

 

1918թ. մայիսի 28-ին ազնիվ պայքարով ու միասնական կամքով հայ ժողովուրդը հիմնեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որն իր պետականաշեն գործունեությամբ ու գաղափարական սկզբունքներով մեզ համար մինչ օրս հիմնարար արժեք է:

Հանրապետության տոնի առիթով շնորհավորում եմ բոլորիս և մաղթում՝ ազգանվեր գործունեությամբ նպաստենք խաղաղ, զարգացող և մրցունակ Հայաստանի Հանրապետության կայացմանը:

Share This