Ձեզ բանավոր նկատողություն եմ տալիս՝ դեղին քարտ, սա խայտառակ կատարողական է.
Երևանի ավագանու նիստում Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեց՝ այս կատարողական փաստաթղթի 30 տոկոս թերակատարման հետ կապված վարչության պետերից կամ փոխքաղաքապետերից որևէ մեկը գրավոր նկատողություն ստացե՞լ է, թե՞ ոչ:
«Այդ հարցն ավելի շատ աշխատակազմի ղեկավարինն է, ես եթե դժգոհություն կամ ինչ-որ խնդիր եմ ունենում անկախ նրանից դա կատարողականին է վերաբերում, ինչ-որ հանձնարարականի սխալ կատարման, թե ինչ-որ թերացմանը, բնականաբար, թե՛ գրավոր, թե՛ բանավոր՝ նայած որ դեպքում որը, ստանում են նկատողություն»,- արձագանքեց Հայկ Մարությանը:
Թեհմինա Վարդանյանն էլ նշեց, որ քաղաքապետի պատասխանից հասկացավ, որ գրավոր այս հարցի հետ կապված որևէ մեկը նկատողություն չի ստացել: «Քանի որ Երևանի ավագանու առաջին լիազորությունը քաղաքապետի աշխատանքը վերհասկելն է, պարոն քաղաքապետ, ես էլ Ձեզ եմ բանավոր նկատողություն տալիս՝ դեղին քարտ, որովհետև սա իսկապես խայտառակ կատարողական է»,- նշեց նա:
