«Հպարտ քաղաքացիներից» սեփական եկամուտները «թաքցնող» պաշտոնյաների 10-յակը

Հեղափոխությունից հետո ՔՊ-ական պատգամավորները հայտարարում էին, որ իրենք որակապես տարբերվելու են նախկիններից, հասարակությունից չեն թաքցնելու իրենց ունեցվածքը, լինելու են թափանցիկ, ավելին՝ մնալու են «քյասիբ հեղափոխական»:

Ինչպես երևում է` մի շարք պաշտոնյաներ, մասնավորապես՝ «Իմ քայլը» խմբակցությունից, բառացի են հասկացել «քյասիբ հեղափոխականի» դերում մնալու խոստումը և ոչ մի կերպ այդ դերից դուրս գալ չեն ցանկանում: Բանն այն է, որ չնայած բարձր աշխատավարձերին, երկու տարի բաշխվող պարգևավճարներին՝ մի շարք պատգամավորներ չեն հայտարարագրել ոչ մի անշարժ և շարժական գույք, ինչը, համաձայնեք, նոնսենս է:

Արփի Դավոյանը չի հայտարարագրել և ոչ մի տեսակի անշարժ գույք, հարց է առաջանում՝ իսկ որտե՞ղ է բնակվում սույն պատգամավորը: Վերջինիս համար մտահոգությունները մի փոքր փարատվում են միայն հայտարարագրած 10,272,310.00 դրամի եկամուտը տեսնելիս:

Արուսյակ Ջուլհակյանը նույնպես որևէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել։

Նույնը վերաբերվում է նաև Արման Եղոյանին, նա հայտարարագրել է ընդամենը մեկ հողամաս:

Թագուհի Ղազարյանը, ըստ իր հայտարարագրի, նույնպես չի հասցրել տնավորվել և նույնիսկ սեփական ավտոմեքենա չունի:Հովիկ Աղազարյանը հայտարարագրել է ընդամենը մեկ հողամաս:

Մերի Գալստյանը նույնպես մոռացել է նշել իր անշարժ կամ շարժական գույքի առակայության փաստը:

Մշտապես բոլորի վրա հոխոռտացող Վաղարշակ Հակոբյանը հայտարարագրել է ընդամենը մեկ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա:

Ռուբեն Ռուբինյանը, Նոր Հայաստանում մի քանի պաշտոն փոխելով, այդպես էլ ձեռք չի բերել ոչ բնակարան, ոչ էլ ավտոմեքենա: Համենայնդեպս, վերջիններիս բացակայությունը աչք է ծակում պատգամավորի հայտարարագրում:

Բարձրաստիճան պաշտոնատար ան­ձանց էթիկայի հանձնաժողովի պաշտո­նական կայքում հրապարակված փաս­տաթղթի համաձայն՝  վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը այսօր զբաղեցնող Ատոմ Ջանջուղազյանը 2018 թվականի հայտարարագրում անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել: Հայտարարագրում ներկա­յացված են տվյալներ միայն դրամական միջոցների և եկամուտների մասին: Մինչդեռ Ջանջուղազյանը արդեն երկար տարիներ է պետական կառավարման համակարգում և մշտապես բարձր պաշտոններ է զբաղեցրել:

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը նույնպես բնակարան կամ հողամաս չի հայտարարագրել, նրա միակ շարժական գույքը VAZ մակնիշի մարդատար ավտոմոբիլն է:

Կամ իսկապես գործ ունենք անչափ ազնիվ և պարկեշտ պաշտոնյաների հետ, ինչը որևէ կերպ, անշուշտ, չենք բացառում, կամ վերջիններս համեստորեն մոռացել են հանրության դատին ներկայացնել իրենց ունեցած գույքը: Համաձայնեք` դա էլ բացառել հնարավոր չէ..

Share This