Հոկտեմբերի 10-ին Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ հանրային հաշվետվողականության հարթակի հերթական քննարկումը՝ «Շիրակի մարզի քաղաքների եւ մոտակա գյուղերի տարածքների սեյսմիկ վտանգն ու ռիսկը» թեմայով

Հոկտեմբերի 10-ին Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ հանրային հաշվետվողականության հարթակի հերթական քննարկումը՝ «Շիրակի մարզի քաղաքների եւ մոտակա գյուղերի տարածքների սեյսմիկ վտանգն ու ռիսկը» թեմայով: Հանդիպմանը մասնակցել են մի շարք ծառայությունների պատասխանատուներ՝ Գյումրիի, Արթիկի, Մարալիկի քաղաքապետարանների քաղաքաշինության բնագավառի մասնագետներ, Ախուրյան, Աշոցք, Ամասիա, Ազատան, Հառիճ, Սառնաղբյուր համայնքների ղեկավարները, դպրոցների տնօրեններ, շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ԱԻՆ Սեյսմիկ ծառայության տնօրենի խորհրդական, Հայաստանի Ինժեներային ակադեմիայի ակադեմիկոս, գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը ներկայացրել է հնարավոր երկրաշարժերի վտանգի ու ռիսկի քարտեզներ, հայաստանյան եւ արտասահմանյան մասնագետների համատեղ պատրաստած հաշվարկային ու փաստացի տվյալներ նոր ուժեղ երկրաշարժի հնարավոր հետեւանքների վերաբերյալ: Նազարեթյանը անդրադարձավ. օրեր առաջ տեղի ունեցած երկրաշարժին։ Ակադեմիկոսը թվարկեց երկրաշարժի բոլոր հետեւանքներն ու ռիսկերը։ Նազարեթյանը իր խոսքում ընդգծեծ, որ Երկրում ընթացիկ սեյսմիկ ֆոնն ու վտանգը վերահսկելի են՝ նորմայի սահմաններում։ Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 20:22-ին, ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 եւ արեւելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում եւ Երեւան քաղաքում: Քննարկման ավարտին Սերգեյ Նազարեթյանը պատասխանել է ներկաների հարցերին։

