Հնդկական առակներ

Գյուղում մի պառավ կին էր ապրում: Նա վաճառում է իր հողակտորը և այդ գումարով գնում չորս ոսկե ապարանջան` յուրաքանչյուր ձեռքին երկուական: Նա մեծ հաճույքով կրում էր դրանք և քայլում փողոցում` հպարտանալով իր նոր ձեռքբերումով: Սակայն նրան հիասթափություն էր սպասվում. գյուղում ոչ ոք չի շրջվում և չի նայում իրեն: Նա կարող էր ընդհանրապես չկրել դրանք, քանի որ հարևանները նրա մոտ ոչ մի փոփոխություն չէին նկատում: Պառավը ամեն կերպ փորձում էր նրանց ուշադրությունը շեղել ապարանջանների վրա, բայց` ապարդյուն: Գիշերները չէր կարողանում քնել, տանջվում էր նրանց անտարբերությունից: Վերջապես նրա գլխում ծագեց մի փայլուն գաղափար, որն, իր կարծիքով, հաջողություն կբերի. մարդիկ անպայման կնկատեն իր թանկարժեք ապարանջանները:
Հաջորդ օրը` արևածագից հետո, նա վառեց իր սեփական տունը: Բոցերը բարձրանալուն պես գյուղացիները շտապեցին դեպի կինը, որը, նստած այրվող տան դիմաց, բարձրաձայն ողբում էր: Տեսնելով մարդկանց վախեցած հայացքները` նա սկսեց շինծու կերպով ձեռքերն այնպես թափահարել, որ ապարանջանները զնգան ու փայլեն բոցի կարմիր գույնի ֆոնին:
-Ավա՜ղ, իմ տունը այրվում է: Օ՜, ի՜նչ դժբախտություն: Օ՜, Աստված, չե՞ս օգնի ինձ:
Ամեն անգամ բացականչելիս նա ամբողջ ուժով թափահարում էր ձեռքերը, և մարդիկ չէին կարող չնկատել նրա ապարանջանները: Մտահոգվելով միայն ապարանջանները ցուցադրելով ՝ նա ուշադրություն չդարձրեց այրվող տան վրա:
Տունն ամբողջովին կրակի բաժին էր դարձել, իսկ պառավը ցնծության մեջ էր, որ մարդիկ տեսնում են իր ոսկե ապարանջանները:
Ամպրոպ դաշտում
Հինգ գյուղացիներ, որոնց դաշտերը հեռու էին գյուղից, ամպրոպի ժամանակ ապաստան գտան սաղարթախիտ ծառի տակ: Ամպրոպը չէր դադարում: Թվում էր, թե կայծակը պահ էր ընտրում, որպեսզի վնասեր գյուղացիներին և ծառը: Հորդառատ անձրևի ժամանակ բաց դաշտ դուրս գալը նույնիսկ ավելի անհնար էր թվում, քան ծառի տակ մնալը: Եվ ահա նրանցից մեկն առաջարկեց.
-Ըստ երևույթին, ամպրոպը մահի բանբերն է, և նախասահմանված` մեզնից մեկի համար: Չկան պատճառներ, որ մենք, մեր կյանքը վտանգելով, պահենք նրան մեզ մոտ: Թող մեզնից յուրաքանչյուրը դաշտի մյուս կողմից հասնի ծառին, կպնի նրան և վերադառնա: Ում վիճակված է մահանալ, թող մահանա, և մնացածները նրա պատճառով չեն տուժի:
Այդպես էլ արեցին: Նրան, ում բաժին ընկավ, հավաքեց իր ողջ քաջությունը` սպասելով մահվան: Անհնար է նկարագրել այն վախը, որը նա զգաց ճանապարհին, բայց վերադառնալով` մոռացավ բոլոր տագնապները և անսովոր թեթևություն զգաց:
Ահա հերթը հասավ վերջինին, որն արդեն վախից կիսամեռ էր: Բոլորը համոզված էին, որ հենց նա է մահվան ընտրված զոհը: Նա սկսեց աղաչել մյուսներին` թույլ տալ իրեն մնալ ծառի տակ՝ հուսալով, որ կայծակը չի հարվածի ծառին, քանի դեռ նրա տակ կանգնած էին նրանք, որոնց վիճակված չէր մահանալ: Բայց նրա ուղեկիցները, վախենալով իրենց կյանքի համար, խեղճ մարդուն հրելով դուրս գցեցին: Չէր հասցրել նա մի քանի քայլ անել, երբ լսեց խլացուցիչ ճայթյուն: Կայծակը հարվածեց ծառին, որի տակ նրա ուղեկիցներն էին, և նրանք սպանվեցին տեղում, իսկ ինքը մնաց կանգնած դաշտի մեջտեղում:
