Կիսում եմ բանակում առկա խնդիրների վերաբերյալ Արթուր Վանեցյանի մտահոգությունները. հանրությունը պետք է պահանջ դնի, որպեսզի նա օր առաջ մտնի քաղաքական դաշտ. Ալեքսանդր Կոչուբաև

Կիսում եմ բանակում առկա խնդիրների վերաբերյալ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մտահոգությունները, միանում եմ այդ հայտարարություններին և կոչ եմ անում Վանեցյանին մտնել ակտիվ քաղաքականություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձել է բանակում գրանցված կորուստներին և ոչ միայն: Նա իր խոսքում նշել է. «Բանակը PR-ի տեղ չէ, չի կարելի դասալիքներին հնարավորություն տալ՝ մտնել զորամասեր, անգամ եթե այսօր նախարար ու պատգամավոր են»:

Կոչուբաևն իր խոսքում նշեց, որ այն, ինչն ասում է Արթուր Վանեցյանը գեներալների հետապնդումների, բանակում տիրող իրավիճակի, բանակ գնալու ու PR-վելու մասին, իրենցից ներկայացնում են լրջագույն սպառնալիքներ մեր երկրի անվտանգության համար. «Սրանց մասին միայն հայտարարությունը բավարար չէ, ակտիվ գործողություններ են այստեղ անհրաժեշտ: Բանակում այսօր տեղի ունեցող դեպքերը չեն կարող մտահոգություններ չառաջացնել: Սարսափելի ծավալ են ընդունել տարօրինակ ինքնասպանությունների դեպքերը: Մասնագիտական գործունեության բերումով առնչվում եմ բանակում տիրող իրավիճակին, այդ դեպքերն, իսկապես, դրանք սարսափելի են»,- նշեց նա:
Ալեքսանդր Կոչուբաևի խոսքով՝ բանակում այսօր բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման լրջագույն խնդիր կա, որի ուղղությամբ անհապաղ պետք է աշխատանքներ տարվեն. «Արդեն չափազանց կարևոր բաներից է խոսում Վանեցյանը՝ գեներալների հետապնդումից, դրանից առաջ խոսեց երկրորդ նախագահի կալանքի ոչ նպատակահարմար լինելու մասին: Սրանք ոչ միայն անվտանգային, այլև մեր երկրի ապագային սպառնացող վտանգներ են: Եվ այստեղ հանրությունը պետք է պահանջ դնի, որպեսզի Վանեցյանը մտնի քաղաքական դաշտ: «Թվիթեր»-ով հայտարարություններից բացի, արդեն նա քաղաքական մասշտաբ պետք է հաղորդի իր գործողություններին և շարունակի պայքարը»,- ասաց փաստաբանը:

Նրա կարծիքով՝ Արթուր Վանեցյանի քաղաքականություն մտնելը և նրա կողմից ընդդիմադիր բևեռի ստեղծումն օրակարգային է:
«Արդեն իսկ հանրային շատ մեծ պահանջ կա, օրակարգային է դառնում, որպեսզի Արթուր Վանեցյանը խոսի: Վանեցյանը կարող է պատառիկներով, առանձին անդրադառնալ երկրի ներքին և արտաքին իրավաքաղաքական զարգացումներին, սակայն կարծում եմ՝ վաղուց պահը հասունացել է, որպեսզի Արթուր Վանեցյանը լիարժեք խոսի և այնուամենայնիվ մեզ պատասխանի, թե երկրում ինչ է կատարվել 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին, արդյո՞ք երկրում տեղի է ունեցել հեղափոխություն: Առհասարակ այս հետհեղափոխական վիճակը կամ այսօրվա երկրի քաղաքական ղեկավարումը պետք է շարունակի իրականացվել իշխող ուժի կողմից»,- նշեց նա:
Ալեքսանդր Կոչուբաևը Արթուր Վանեցյանի հայտարարություններին հետևելով՝ վստահ է, որ ԱԱԾ նախկին տնօրենն ունի ահռելի ինֆորմացիոն բազա, սակայն դա կարող է ժամանակավրեպ լինել:
«Կարծում եմ՝ որոշակի կաշկանդվածություն ունի քաղաքական դաշտ մտնելու առումով, քանի որ ամբողջ կյանքն ուսադիր է կրել, սակայն ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ Վանեցյանն օր առաջ պետք է հայտնվի քաղաքական դաշտում և այն ինֆորմացիոն բազան, որն ունի, փոխանցի հանրությանը կամ գոնե իրավասու մարմիններին: Վանեցյանի հայտարարություններից ենթադրում եմ, որ մեր երկրի գլխին «դամոկլյան սուր է» կախված, որից օր առաջ պետք է ազատվել: Նրան չհավատալու հիմքեր չունենք: Անձամբ ես մեծ վստահություն ունեմ Վանեցյանի նկատմամբ և կարծում եմ՝ օրակարգային է, որպեսզի նա ակտիվ քաղաքականություն մտնի»,- ասաց փաստաբանը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )