Խոսք շնորհակալության՝ բուժաշխատողներին, ոստիկաններին ու մանկավարժ-դասախոսներին
«
Կորոնավիրուս»՝ համաշխարհային մահացու վարակի պատճառով Հայաստանում հայտարարված Արտակարգ դրությունը ցույց տվեց Հայ Ժողովրդի բարձր ինքնակազմակերպումն ու համախմբումը՝ համաշխարհային արհեստածին արհավիրքին դիմակայելու համար:
Անհնար է չփաստել, որ Հայաստանի առողջապահական, կրթական ոլորտների նվիրյալ աշխատողները և ոստիկաններն անձնվեր ու հերոսական գործունեություն են ծավալում ստեղծված իրավիճակում:
Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներն, իրենց առողջությունն ու կյանքը վտանգելով, շարունակում են պայքարել «Կորոնավիրուս»՝ մահացու վարակի դեմ՝ փրկելով մեր հայրենակիցներին: Հայաստանի բժիշկներն իրենց աշխատանքը վերածեցին ամենակնթարթյա հերոսական կռվի՝ Հայ Մարդու առողջությունը պահպանելու համար: Հայ Ժողովուրդը երախտապարտ է բժիշկներին, բուժքույրերին, հիվանդանոցների աշխատակիցներին ու շտապօգնության բոլոր վարորդներին:
Արտակարգ դրության ժամանակ հասարակական կարգի, բնակչության անվտանգության պահանջներն անշեղորեն կատարելու գործում բարձր մասնագիտական գործունեությամբ դրսևորվեց Հայ Ոստիկանի ազգային կերպարը, որն արժանի է մեծ հարգանքի ու գնահատանքի:
Արտակարգ դրության պայմաններում շնորհակալության ու գնահատանքի են արժանի Հայաստանի ուսուցիչներն ու դասախոսներն, ովքեր հեռավար ուսուցմամբ ապահովում են կրթական գործընթացի ու գիտական ուսուցման ծրագրային շարունակականությունը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը երախտագիտության ու շնորհակալանքի իր խոսքն է հայտնում Հայաստանի Հանրապետության բոլոր բուժաշխատողներին, բոլոր ոստիկաններին, բոլոր ուսուցիչներին ու բոլոր դասախոսներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանդեպ ցուցաբերած հայրենանվեր գործունեության ու նվիրումի համար:
Աստված պահպա՛նի Հայաստանը, Արցախը, Հայ Ազգը և Հայոց Սուրբ Հողը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության նախագահ՝ Խաչիկ Ասրյան
