<<Մի՛ շտապեք զբաղեցնել նախագահի աթոռը>>. Լուկաշենկոն դիմել է ընդդիմախոսներին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պետական բարձրագույն պաշտոնը զբաղեցնել ցանկացողներին հորդորել է չշտապել, քանի որ նախագահությունը գահակալություն չէ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Մի նախագահ, և այսօր հազարավոր մարդիկ ցանկանում են տապալել նրան՝ պատրաստ լինելով նստել այս աթոռին և չգիտակցելով, որ Բելառուսում նախագահությունն ու նախագահը ցար չեն: Սա գահակալություն չէ. նստել ես ու վրադ բարիք է թափում: Ոմանք հենց այդպես էլ անցկացնում են նախագահական կյանքը, բայց Բելառուսում ընդամենը մեկ տարի նաախագահ կլինես, եթե սկսես գահակալել: Հետևաբար, մի՛ շտապեք զբաղեցնել այս աթոռը», – ուրբաթ Մինսկում ասել է Լուկաշենկոն ՝ ելույթ ունենալով Համաբելառուսական ժողովրդական ժողովում:
Նա ընդգծել է, որ եթե մարդ մտնում է քաղաքականություն, պետք է հասկանա դրա օրենքները, և որ «այնտեղ շատ մարդաշատ է» ու մեծ մրցակցություն կա:
Համաբելառուսական վեցերորդ համաժողովրդական ժողովն անցկացվում է Մինսկի Հանրապետության պալատում և կավարտվի ուրբաթ: Մասնակիցների և հրավիրյալների ընդհանուր թիվը 2700 է, ովքեր քննարկում են 2021-2025 թվականների երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագծի հիմնական դրույթները և հանրապետության սոցիալ-քաղաքական զարգացման ուղղությունները:
Օգոստոսին անցկացված Բելառուսի նախագահական ընտրություններում Սվետլանա Տիխանովսկայան զբաղեցրել Է երկրորդ տեղը: Նրա կողմնակիցները չեն ճանաչել ձայների հաշվումների արդյունքները, և մինչև այսօր բողոքի ակցիաներ են անցկացնում:
Տիխանովսկայան երկիրը լքել Է արդյունքների հրապարակումից անմիջապես հետո: Վալերի Ցեպկալոյի դեմ քրեական գործ են հարուցել, նա գտնվում Է հետախուզման մեջ, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում: Այս շաբաթ Բելառուսի իշխանությունները հայտարարել են, որ ձգտելու են հասնել Լիտվայից նրա արտահանձնմանը:
