
Երբ սոված չես, ուրեմն՝ կուշտ ես, իսկ կիսաքաղցության մասին անգամ խոսք լինել չի կարող։ Լավ է, որ սոված չես, բայց որ կիսաքա՞ղց ես։ Գլխիդ վերեւը տանիք կա, ի՞նչ վատ է՝ անձրեւից, քամուց ու ցրտից պատսպարվում ես։ Երբ աշխատանք ունես, լավ է, բայց երբ ծախսերն ու եկամուտը հակադարձ համեմատականնե՞ր են։ Ստացած աշխատավարձով մի կերպ ծայրը ծայրին ես հասցնում, ծախսերը կրճատում ես, ու ահա աչքդ փակում-բացում ես ձմեռը կրկնակի ծախսեր է բերում։ Երբ ամռանը կարող էիր քեզ շռայլություն թույլ տալ՝ սրճարանում մեկ գավաթ սուրճ խմել, կամ քաղցրավենիքից օգտվել (մարդ ես, էլի, չօգտվե՞ս պարզ հաճույքներից… ) ձմռանը չես կարող, որովհետեւ կոմունալ ծախսերը չեն թողնում անգամ շունչ քաշես։ Կարող ես հպարտանալ, որ կոշիկ ունես ու ոտքերդ բոբիկ չեն, այն որ կոշիկը կա՝ լավ է, բայց որ ներկայանալի տեսք չունի, դա էլ մի բան չէ։ Ախր մարդ ես, չէ՞ , ուզում ես մի քիչ լավ ապրել։ Հասարակ ու պարզ բաներ եմ ասում, ընդամենը՝ տանիք գլխավերեւում, որ ապահովագրված լինես անկանխատեսելի իրավիճակներից՝ քամուց, փոթորկից ու կայծակից, արժանապատիվ աշխատանք, որ մարդն իր աշխատանքը չընկալի որպես զուտ գումար աշխատելու միջոց։ Առավոտյան սիրով գնա աշխատավայր ու մեծ նվիրումով կատարի աշխատանքը։ Շատ հարցերում են զգացվում կիսատ ու թերի կողմերը։ Ռեսուրսների անհամաչափ բաշխվածությունը հանգեցրել է այս խնդրին։ Այսօր շատերն են այս կիսատ կարգավիճակով ապրում, նրանց մխիթարում է այն փաստը, որ փողոցում չեն, սոված չեն, ոտքերն էլ բոբիկ չեն։ Բայց սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ինքնախաբեություն։