Կոչ ենք անում հունիսի 7-ին չվախենալ, չզլանալ և, ի գինս ամենի, մասնակցել ընտրություններին․ «Կամք»
«Կամք» նախաձեռնությունը 2026-ի ԱԺ ընտրությունների առիթով հայտարարությամբ կոչ է անում քաղաքացիներին հունիսի 7-ին չվախենալ, չզլանալ և, ի գինս ամենի, մասնակցել ընտրություններին։
«Կամք»-ը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով հանդես է եկել 2020-ի հունիսի 1-ին՝ մինչև 44-օրյա պատերազմը և Արցախի կորուստը, և պնդում է, որ երկրի փրկության կարևոր նախապայմանը իշխանափոխությունն է։ Նրանց գնահատմամբ, դա երաշխավորելու համար պետք է 1․500․000 մասնակցություն։
Հայտարարությունում ասվում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը և «իր ավազակախումբը» մնան իշխանության, «Հայաստանը կվերածեն թյուրքական երրորդ պետության» ու «կթուրքացնեն Հայաստանը»։ «Կամք»-ը կոչ է անում մերժել Փաշինյանին և նրա քաղաքական ուժին՝ 16 համարին, հիշեցնելով, որ հունիսի 1-ը մանուկների միջազգային օրն է և հունիսի 7-ին կանխորոշվելու է երեխաների ապագան։
