Ինչ է նշանակում արտակարգ դրության հայտարարում
Կառավարության արտահերթ նիստում արտակարգ դրության ժամկետը սահմանվեց այսօրվանից մինչև ապրիլի 14-ը: Այս ընթացքում ստեղծվում է պարետատուն, որը կղեկավարի Պարետատան ղեկավարման համար պարետ նշանակել Տիգրան Ավինյանին: Պարետատան աշխատանքները կսպասարկի վարչապետի աշխատակազմը և Տիգրան Ավինյանի գրասենյակը:
Այսպիսով` Հայաստանի պետական սահմանների բոլոր անցակետերում սահմանվում է տեղաշարժի հատուկ կարգ: Կարգելվի այն օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստան, որոնք վերջին 14 օրերին գտնվել են համաճարակային առումով սուր իրավիճակում գտնվող երկրներում: Այդ երկրների ցանկը կորոշի Տիգրան Ավինյանի գլխավորած պարետատունը: Այս կետի վերաբերյալ մտավախություն ուներ Զոհրաբ Մնացականյանը:
Զոհրաբ Մնացականյանը առաջարկեց օտարերկրյա քաղաքացիներին արգելել մուտք գործել Հայաստանի տարածք և բացառության ցանկ կազմել, թե ովքեր կարող են գալ Հայաստան և ովքեր կարող են դուրս գալ Հայաստանից: Առողջապահության նախարարը պնդեց, որ դա թույլ չի տա ճկուն գործելու:
Ի վերջո` Զոհրաբ Մնացականյանը առաջարկեց ընդմիջում, որի ընթացքում որոշումը լրացվեց: Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության տարածք կկարողանան մուտք գործել Օտարերկրացիները, եթե սուր համաճարակային երկրներից չեն գալիս:
Հայաստանի տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կիրականացվի հատուկ զննություն, ախտանիշների առկայության դեպքում քաղաքացիները կհոսպիտալացվեն: Սահմանափակումներ կարող են կիրառվել նաև Հայաստանի վարչական սահմաններում: Այսինքն՝ վարչական սահման մուտք գործելու և դուրս գալու սահմանափակում կարող է կիրառվել:
Հայաստանի ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը և անցկացումը: Արգելվում է նաև Հանրային միջոցառումների կազմակերպումը: Հանրային է համարվում այն միջոցառումը, որին մասնակցում է 20-ից ավելի քաղաքացի:
Քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածներին պահելու վայրերում արգելվում է` հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը, տեսակցություններ ունենալը, կրոնական ծեսերի կազմակերպումը: Զինված ուժերում արգելվում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը:
Այս ընթացքում կդադարեցվի ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ հեռավար ուսուցման: Սահմանափակումը չի տարածվում միայն ռազմական ուսումնական հաստատությունների վրա:
