Երբ հարազատդ դառնում է օտար․ ինչպե՞ս է չարը մտնում ընտանիք
Բոլորս էլ մեր կյանքում լսել ենք այնպիսի պատմություններ, երբ ընտանիքի անդամներն ունեցել են մեծ վեճ, ինչի արդյունքում հեռացել, օտարացել են միմյանցից, լցվել ատելությամբ միմյանց հանդեպ:
Կամ երբեմն էլ հարազատներն իրարից հեռանում են առանց հստակ մեծ վեճի, այլ պարզապես լռությամբ՝ թողնելով իրար չասված շատ խոսքեր: Այս դեպքերում չարը ընտանիք է մտնում ոչ թե մեծ ու տեսանելի դռնով, այլ փոքր ճեղքերից՝ վիրավորանքից, չասված խոսքից, հպարտությունից, չներելուց։ Երբ թույլ ենք տալիս, որ մեր սրտերում բույն դնի բարկությունը, այն աստիճանաբար դառնում է պատնեշ մեր և այլոց միջև, որոնց շարքերում մեր հարազատն էլ կարող է լինել։ Այդ պահին պարզապես անհնար է, որ գիտակցենք, թե որքան կարևոր ենք միմյանց համար, քանի որ բարկության մեջ ոչ թե տեսնում ենք մարդուն, այլ միայն ու միայն մեր բարկությունը նրա հանդեպ:
Պողոս առաքյալը եփեսացիներին ուղղված իր թղթում պատգամում է. «Թե բարկանաք, չմեղանչե՛ք. արեգակը թող ձեր բարկության վրա մայր չմտնի» (Եփես. 4:26-27)։
Այս խոսքերը հատկապես կարևոր են ընտանիքի համար։ Չարին և բարկությանը զոհ գնալով թույլ ենք տալիս, որ ժամանակավոր վիրավորանքը աճի՝ դառնալով թշնամանք: Սա չէ քրիստոնյայի ճանապարհը:
Ներելը չի նշանակում արդարացնել սխալը, այլ նշանակում է չթողնել, որ չարությունը բնակվի մեր սրտում։
Անենք առաջին քայլը, խոսենք և գրկենք մեր հարազատին: Հաղթում է հենց առաջին քայլ անողը: Հաղթում է ոչ թե մարդուն, այլ չարին՝ նրան դեմ գնալով սիրով։
