Քառասնօրյա Խորհուրդը. մանուկների ընծայումը Տիրոջը

Ժամանակ առ ժամանակ մեր Սուրբ Եկեղեցում ականատես ենք լինում հոգեպարար մի արարողության, երբ մայրերը Սուրբ Եկեղեցի են բերում իրենց նորածին զավակներին կյանքի 40-րդ օրը Աստծուն ընծայելու և Տիրոջ օրհնությունը ստանալու համար: Այս արարողությունը, որով մայրերը ստանում են մաքրագործման աղոթքն ու կրկին Սուրբ Եկեղեցի մտնելու օրհնությունը, պարզապես գեղեցիկ ավանդույթ կամ զուտ արտաքին արարողակարգ չէ. այն խորհրդանշական, հոգևոր վերածննդի և ծնողների ուղեկցությամբ մանկան առաջին մուտքն է Սուրբ Եկեղեցի՝ դեպի հավերժական լույսը:

 

​Վերջերս Սուրբ Եկեղեցում մի փոքրիկի ներկայությունը յուրահատուկ խորհրդածության տեղիք տվեց: Նրա հայացքում չկար մանկական սովորական անհանգստություն կամ անտարբերություն. այնքան խորհրդավոր, կենտրոնացած ու գիտակից էր նայում շուրջը, ասես հոգով հասկանում էր կատարվող խորհրդի ամբողջ մեծությունն ու Սրբության ներկայությունը: Հենց այս բացառիկ ու տարբերվող հայացքն էլ ինձ ստիպեց կիսվել այս լուսանկարներով՝ ցույց տալու համար մանկան հոգու մաքրությունն ու խորհրդի իսկական խորությունը:

 

​Ցավոք, ժամանակակից կենցաղում քառասնօրյա այս կարևորագույն խորհուրդը հաճախ ստվերվում է աղմկոտ խնջույքներով և ժողովրդական սին սովորություններով, որոնք չիմացության հետևանքով ստվերում են երեխայի քառասնքի արարողության բուն նպատակը: Մոռանում ենք, որ գլխավորը Սուրբ Եկեղեցում ստացվող օրհնությունն է՝ թե՛ փոքրիկի և թե՛ մոր մաքրագործման համար, որով վերջինս իրավունք է ստանում կրկին Սուրբ Եկեղեցի մտնելու: Եվ ամենակարևորներից մեկը նաև ծնողների երախտագիտությունն է Տիրոջ պարգևած նոր կյանքի համար:

 

​Թող այս մանկան լուսավոր հայացքը հիշեցում լինի բոլորիս, որ մանուկների առաջին քայլը պետք է սկսվի ոչ թե արտաքին աշխարհի կողմից ներմուծված սովորություններով, այլ աղոթքով, Սուրբ Եկեղեցի այցելելով և Աստծուն ուղղված մեր շնորհակալությամբ:

Share This