Երբ է «պարզաջրվելու» հայաստանյան քաղաքական դաշտը

Հայտնի հին ասացվածքը, որ քաղաքականությունը մյուս ամենահին մասնագիտության հետ կանգնած է մարդկության պատմության ակունքներում, լիովին ապացուցվում է ներհայաստանյան դաշտի քաղաքական զարգացումներին հետևելիս։ Ինչ ասես, որ չես տեսնի հայաստանյան քաղաքական դաշտում․ երեկ իրար հետ հաց կիսած մարդիկ կարող է այսօր իրար անվանարկեն փողոցային բառապաշարով, հանուն վերադասին կամ թիմի լիդերին դուր գալու, կամ էլ հանուն այն շրջանակի բարեհաճ ժպիտը շահելու, ում շահերը սպասարկում են, կամ մեկ գրպանը մյուսով փոխած գործիչների կողմից նախկին գրպանի դեմ ուղղված «հաթաթաներ» եւ կամ էլ մոռանալով բարեկրթության կանոնները քաղաքական բանավեճը կամ վիճաբանությունը անձնական մակարդակ տեղափոխելը։ Այս ամենը իհարկե, հայտնի խոսքի իսկությունը ապացուցելուց զատ, նաև ցույց է տալիս, որ Հայաստանը չունի կայացած քաղաքական համակարգ։ Ավելին, այդ համակարգը դեռ կայացման տևական ընթացք ունի անցնելու։ Ափսոս է այս ու գալիս սերունդը, որ ականատեսն է լինելու ծաղրածուների խառնաշփոթ ներկայացում հիշեցնող այս գործընթացներին։ Թեև մյուս կողմից ասում են՝ Մոսկվան միանգամից չի կառուցվել, սակայն միաժամանակ նաև՝ Մոսկվայի կառուցումը չի եղել այսքան փնթի, անհասկանալի ու հակասական։ Ասում են, թե կտրուկ կամ սթրեսային քաղաքական փոփոխություններից հետո այս ամենը նորմալ է և ժամանակի հետ ամեն բան կընկնի իր տեղը, «կպարզաջրվի», մրուրն էլի իր տեղում կհայտնվի՝ լուսանցքում կամ լուսանցքից էլ դուրս։ Ժամանակը սակայն գնում է և սպասելը վտանգավոր է դառնում։ Ու հիմնական հարցերից մեկը օրակարգային թելադրվում է հետևյալ ձևակերպմամբ․ իսկ երբ է «պարզաջրվելու» հայաստանյան քաղաքական դաշտը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )