Դատախազության միջամտությամբ Ամասիա համայնքին վերադարձվել է ավելի քան 5 հա համայնքային արոտավայր

Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքին է վերադարձվել համայնքային սեփականություն հանդիսացող 5,03766 հա մակերեսով արոտավայր: Այս մասին Ambion.news–ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես՝ Շիրակի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, ուսումնասիրելով Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցները, համաձայն որոնց՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջ.Հ.-ն, խախտելով Հողային օրենսգրքի պահանջները, 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Ամասիա համայնքի Բանդիվան բնակավայրում գտնվող՝ 5,03766 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրն օտարել է ֆիզիկական անձի, միջնորդագիր է հասցեագրել Ամասիա համայնքի ղեկավարին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել նշված հողատարածքն Ամասիա համայնքին վերադարձնելու և դրա ապօրինի տիրապետումը դադարեցնելու ուղղությամբ:

Միջնորդագրի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի հուլիսի 30-ին Բանդիվան բնակավայրի 5,03766 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նկատմամբ Կադաստրի կոմիտեում գրանցվել է Ամասիա համայնքի սեփականության իրավունքը։

Share This