Բոլորս էլ հիանալի գիտենք, թե որ լրատվամիջոցն ու անձամբ ո՛ր խմբագիրն է եղել լրատվական դաշտի քիլլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին լայվում հերթական անգամ ցեխ շպրտեց լրատվադաշտի վրա։ Նախկին լրագրողն ու խմբագիրը իր գործընկերների 70 տոկոսին եւ լրատվամիջոցների 99 տոկոսին ծախված անվանեց՝ ասելով, որ վերջիններս նախկին իշխանությունից գումարներ են ստացել, իսկ այժմ չեն ստանում, ուստի կատաղել են։ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, ասաց՝ նա առաջին հերթին խոսում է իր եւ իր ընտանիքին պատկանող լրատվամիջոցի մասին․ «Հարյուր տոկոսով ինքը խոսում է իր մասին, նաեւ այն մասին, թե ինչից է ինքը կատաղում, երբ է կատաղում, ինչն է պակասում, որ կատաղում է։ Արդեն ոչ միայն հետաքրքիր չէ, նաեւ հոգնեցնող է։ Իր գործընկերները հաստատ շատ ավելի բարոյական են, որ իրեն հիշեցնեն իր հետ կապված դրվագները, նրա հույսը դա էր, որ չեն հիշեցնի մեքենայի այրելու հետ կապված, տուն ձեռք բերելու հետ կապված, տան կահույքի ձեռքբերման հետ կապված դրվագները։ Բազմաթիվ դրվագներ կան, բոլորս հիշում ենք, անեկդոտներ կային շրջող»,- ասաց Սեյրանյանը՝ հավելելով, որ արդեն նույնիսկ անիմաստ է համարում հայտարարություն տարածելը։

«Իրատես» թերթի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանը մեզ փոխանցեց, որ ակնկալում է լսել լրագրողների ու լրատվամիջոցների անունները, սակայն Փաշինյանին հորդորում է չմոռանալ այդ ցուցակը սկսել իրենից եւ իրեն պատկանող «Հայկական ժամանակից»։ «Օդում դատարկ կրակելը լավ բան չէ։ Կարծում եմ՝ պետք է բարձրաձայնես բոլոր այն լրագրողների ու լրատվամիջոցների անունները, ում ակնարկել ես։ Հիշյալ ցուցակը չմոռանաս սկսել «Հայկական ժամանակի» ու անձամբ քո անուն-ազգանունով։ Հայաստանը փոքր երկիր է, ու բոլորս էլ հիանալի գիտենք, թե որ լրատվամիջոցն ու անձամբ ո՛ր խմբագիրն է եղել լրատվական դաշտի հայտնի քիլլերը, որ իր թերթը «զենք» դարձրած՝ ուղղել է հիմնականում գործարարների ու պաշտոնյաների դեմ։ Եթե կարծում ես՝ վարչապետի աթոռը սրբագրել է անցյալում արածներդ, սխալվում ես։ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»,- նշում է «Իրատեսի» խմբագիրը։
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել վարչապետի հայտարարությունը։ Ըստ նրա՝ դա ընդամենը էմոցիոնալ հայտարարություն էր։
«Իրավունք» օրաթերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանն էլ կարծում է, որ Փաշինյանի հայտարարությունը նպատակ ունի թիրախավորել 4-րդ իշխանությանը՝ վերջինիս հասցեին օդից վերցրած մեղադրանքներ հնչեցնելով։ «Իր հայտարարությունն օբյեկտիվ իրականության հետ որեւէ կապ չունի։ Նպատակը 4-րդ իշխանությանը թիրախավորելն է, օրենսդիր եւ գործադիր իշխանությունն ամբողջովին զավթելուց, դատական իշխանությունը մեծ մասամբ ձեռնասուն դարձնելուց հետո հերթը հասել է 4-րդ իշխանությանը, որի վրա հիմա գրոհ է գնում ու այդտեղ օգտագործվում է սովորական մեթոդաբանություն՝ ամբոխավարական բանաձեւեր, օդից վերցված մեղադրանքներ, ճռճռան լոզունգներ եւ այլն»,- մեզ հետ զրույցում ասաց Գալաջյանը։
Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիի կարծիքով եւս նպատակը լրատվամիջոցներին թիրախավորելն է։ Մուրազիի խոսքով՝ ինքն անձամբ երբեւէ նախկին իշխանություններից առաջարկ չի ստացել եւ մի պատմություն հիշեց, երբ իրեն հակառակ ճամբարից էին փորձում առաջարկ անել։ «2017 թվականի ավագանու ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանին շատ մոտ կանգնած անձ, որն այն ժամանակ ընդդիմադիր գործունեություն էր ծավալում, իսկ հիմա իշխանության բարձր օղակներում է, մեզ առաջարկել է նախկին քաղաքապետին գովերգող մի հոդված հրապարակել, որը մենք մերժել ենք։ Եթե Փաշինյանն այդ հայտարարությունն անելիս նման աղբյուրներից է սնվում եւ նաեւ իր փորձառությունն է հաշվի առնում, ապա մենք կարող ենք հավատալ նրան»,- ասաց Մուրազին։
«Ժողովուրդ» օրաթերթի երբեմնի գլխավոր խմբագիր, ներկայումս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի կարծիքով՝ վարչապետն ընդամենը նկատի է ունեցել օր-օրի աճող կայքերը, որոնք կեղծ տեղեկություններ են տրամադրում․ «Վստահ եմ, որ վարչապետի խոսքը վերաբերում էր մեր երկրում սնկի պես աճող կայքերին, որոնք ապականում են հայաստանյան մեդիադաշտը` ստվերելով քիչ, սակայն որակյալ լրատվություն ապահովող, բարեխիղճ լրատվամիջոցների գործունեությունը։ Ես տարիներ շարունակ բարձրացրել եմ այս խնդիրը, ու իրավիճակը շարունակում է առավել մտահոգիչ դառնալ: Սոցիալական ցանցերն այնպիսի արագությամբ են տարածում անհայտ ծագում, նպատակ եւ ֆինանսական աղբյուրներ ունեցող կայքերի կիսաճշմարտությունները, որ հաճախ մեր երկրում դառնում ենք, այսպես ասած, fake news-ի գերի: Հուսով եմ` մի օր կկարողանանք դաշտի կարգավորման բանալիները գտնել` որեւէ դեպքում չվտանգելով խոսքի ազատությունը»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )