Այս պահի դրությամբ բանկերի կողմից հետաձգվել է 525 հազար վարկ, 1126 գյուղացիական վարկի հայտ էլ հաստատվել է. Մարտին Գալստյան
Ակնհայտ է, որ առևտրային բանկերի կողմից ուշանում է ռեալ սեկտորին վարկերի ֆինանսավորումը, դրանք և՛ գյուղատնտեսական վարկերն են, և՛ սպառողական վարկերի վերաֆինանսավորումը. այս մասին ԱԺ նիստում ԿԲ նոր նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանին:
«Հասկանալի է՝ այս վիճակում բանկն էլ ունի իր ռիսկը, բայց ի՞նչ է անելու ԿԲ-ն այս առումով, որ ռեալ սեկտորի վարկավորումը չձգձգվի՝ հաշվի առնելով այս ֆորսմաժորային իրավիճակը»,- ասաց պատգամավորը:
Մարտին Գալստյանը նշեց, որ այս պահի դրությամբ մի քանի գործառույթներ են իրականացնում, որոնցից մեկով հետաձգում են վարկային պարտավորություններ: «Այս պահին 525 հազար վարկ է հետաձգվել բանկերի կողմից, բանկերն այսօր աշխատում են գերծանրաբեռնված: Դրանցից 514 հազարը վերաբերում է ֆիզիկական անձանց: Մեր հաշվարկներով դա վերաբերվում է 380 հազար մարդու»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այն ծրագրերին, որոնք կառավարությունն իրականցնում է բանկերի միջոցով՝ համաֆինանսավորում, վերաֆինանսավորում, սուբսիդավորում նա նշեց, որ գյուղի հետ կապված 2-րդ միջոցառմամբ 1126 վարկի հայտ հաստատվել է ու 1-ին, 2-րդ միջոցումների հետ տրվել է շուրջ 12 մլրդ դրամ:
«Այստեղ պետք է նայենք, որ եռակողմ է հարաբերությունը: ԿԲ նախագահը և թիմի մի քանի անդամներ ամեն օր առևտրային բանկերի ղեկավարների հետ ունենում են տեսակապով քննարկումներ: Ամեն օր նրանց հետ քննարկվում է կառավարությունից եկող ազդակներն ու այստեղ մենք ավելի շատ կատարում ենք կամուրջի ֆունկցիա, փորձում ենք ընդհանուր ծրագրի էֆեկտիվությունը բարձրացնենք»,- նշեց նա:
Նաիրա Զոհրաբյանը հույս հայտնեց, որ իրենց դիալոգը որոշակի ազդակ կլինի առևտրային բանկերի համար, որ անիմաստ չձգձգեն վարկերի տրամադրումը, այն դեպքում երբ գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են: «Ես հիմա չեմ նշի բանկի անունը, ինքը հիմնականում գյուղացիական վարկեր տրամադրող բանկ է, Սյունիքից երեկ ահազանգում էին, որ նույնիսկ գերազանց վարկային պատմություն ունենալու դեպքում այդ բանկը ձգձգում է, այն էլ ակտիվ գյուղատնտեսական աշխատանքների սեզոնին»,- ասաց նա:
«Ավելի արդյունավետ լինելու համար, փոխանցեք կոնկրետ դեպքերն ինձ, ու մենք կփորձենք բանկի հետ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել»,- արձագանքեց Գալստյանը:
