ԱՄՆ-ն Թուրքիային նոր պատժամիջոցներով է սպառնացել
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է հավելյալ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, եթե Թուրքիան չդադարեցնի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում, փոխանցում է РИА Новости-ն:
Հոկտեմբերի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր, որ Թուրքիայի տնտեսությանը «կործանարար» հետևանքներ են սպասվում, եթե ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի բանակցությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որոնք ծրագրված են հոկտեմբերի 17-ին, ձախողվեն:
Օրեր առաջ ԱՄՆ-ն պատժամիջոցների ցուցակում է ներառել Թուրքիայի պաշտպանության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններն ու նրանց նախարարներին՝ Հուլուսի Աքարին, Ֆաթիհ Դյոնմեզին, ինչպես նաև ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:
