Առողջապահության նախարարությունը 2021-ից պետպատվեր չի տրամադրի Նևրոզների կլինիկային, որտեղ բուժվում են նաև պատերազմի մասնակիցներ․ 45 մարդ գործազուրկ կդառնա
Առողջապահության նախարարությունը երեկ հայտնեց, որ նպատակահարմար չի գտնում 2021 թվականին պետպատվեր տրամադրել Նևրոզների կլինիկային, Tert.am-ին տեղեկացրեց Նևրոզների կլինիկայի տնօրեն Ցոլակ Հակոբյանը:
Տնօրենի խոսքով` հիվանդանոցը այս պահին շատ ծանրաբեռնված է՝ բուժում է ստանում 55 հիվանդ, բուժվում են նյարդային խնդիրներ, վախեր տագնապներ ունեցող անձինք:
Տնօրենի հավաստմամբ`մինչ այժմ կլինիկայում բուժումն անվճար է եղել, հիվանդներն անվճար երեք անգամ սնունդ են ստացել, բուժվողների մեջ շատ են պատերազմի մասնակցած անձինք, զինծառայողի ծնողներ
Հիվանդներ ունենք, որոնք երեք պատերազմի են մասնակցել, ասում են, որ սա միակ տեղն է, որ մենք վերականգնվում ենք, մենք ինչպե՞ս կարող ենք պահանջել, որ իրենք վճարեն իրենց բուժման համար: Մենք պատերազմներ տեսած ազգ ենք, և այդ պատճառով շատ են նևրոզով տառապողները: Մեր հիվանդները չեն կարող բուժում ստանալ հոգեբուժարանում, նրանք առողջ հոգեբանությամբ մարդիկ են, պարզապես սթրես են տարել, և մենք օգնում են, որ իրենք կարողանան դա հաղթահարել: Այսօր եկավ մի տղա, ով այս պատերազմում Շուշիում վիրավորվել է՝ ունի ոտքի վնասվածք և շատ ծանր վիճակում է։ Նման հիվանդների թիվը շատ է, պետք է նրանց հետ աշխատենք և իրականացնենք սոցիալ-հոգեբանական բուժում»,- ասաց տնօրենը:
Ցոլակ Հակոբյանը նշեց, որ նախարարությունից չեն պատճառաբանել, թե ինչու 2021 թվականին ֆինանսավորում չի տրամադրվելու, աշխատակիցների հետ քննարկումներ ևս չեն եղել, պարզապես տեղեկացրել են, որ նպատակահարմար չեն գտնում ֆինանսավորումը շարունակել:
Տնօրենի խոսքով՝ Առողջապահության նախարարությունը 2020 թվականի համար կլինիկային պետական ֆինանսավորումից զրկելու որոշում է ունեցել, սակայն կենտրում բուժվող ազատամարտիկների, հիվանդների, և աշխատակիցների՝ վարչապետին ուղղված բազմաթիվ բողոքները հաշվի են առնվել և ֆինանսավորումը տրամադրվել է:Անդրադառնալով կլինիկայի աշխատակիցների խնդրին, Ցոլակ Հակոբյանը նշեց, որ նախարարությունից չեն պարզաբանել, թե կլինիկան փակվելու դեպքում աշխատակիցները որտեղ են աշխատելու։ «Բուժհաստատությունն ունի 45 աշխատակից, 45-ից 6-ը Երևանից են, իսկ 39-ը տեղի՝ Քասախի բնակիչներ են, և եթե կլինիկան ֆինանսավորում չստանա, կփակվի, որի դեպքում բոլորը կզրկվեն աշխատանքից»,– ասաց նա: