ԱՀԱԶԱՆԳ․ Գյումրիում միայնակ ու անօգնական ծեր տղամարդը մնացել է անօգնական․ հարևաններն ահազանգում են
«Ամբիոն Նյուզ»-ը ահազանգ է ստացել Գյումրիի բնակիչներից։
Հարևանների փոխանցմամբ՝ Գյումրիում միայնակ տարեց տղամարդ է գտնվում ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում և փաստացի չունի իրեն խնամող մարդ։
Հարևանները փորձում են հասնել նրան, որ տղամարդուն ընդունեն համապատասխան խնամքի հաստատություն՝ ծերանոց, սակայն, նրանց փոխանցմամբ, դիմելիս ստացել են նույն պատասխանը՝ «տեղ չկա»։
Բայց այստեղ ամենակարևոր հարցը հենց դա է՝ եթե տեղ չկա, ապա ո՞վ և ինչպե՞ս է ապահովելու միայնակ ու անօգնական մարդու անվտանգությունն ու խնամքը։
Հարևանները չեն թաքցնում իրենց մտահոգությունը․ տարեց տղամարդը ինքնուրույն հոգալու հնարավորություն չունի, իսկ իրավիճակը, նրանց գնահատմամբ, պահանջում է ոչ թե հերթական փոխանցում մի գերատեսչությունից մյուսը, այլ անհապաղ սոցիալական միջամտություն։
«Ամբիոն Նյուզ»-ը պատրաստվում է դիմել համապատասխան կառույցներին՝ պարզելու՝
🔹 արդյո՞ք տղամարդու սոցիալական վիճակը գնահատվել է,
🔹 դիմե՞լ են արդյոք նրան խնամքի հաստատություն ընդունելու համար,
🔹 եթե տեղ չկա, ի՞նչ այլընտրանքային խնամք է առաջարկվել,
🔹 և ամենակարևորը՝ ո՞վ է պատասխանատու նրա անվտանգության համար այս պահին։
Մեր խմբագրությունը պատրաստ է ներկայացնել նաև պատասխանատու մարմինների դիրքորոշումը։
Ահազանգող քաղաքացիներին խնդրում ենք մեզ փոխանցել դեպքի լրացուցիչ մանրամասները կամ կապ հաստատել խմբագրության հետ։
