Դատախազությունը Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերել
Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժինը ուսումնասիրել է Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքի և դրան կից հողամասի օտարման իրավաչափությունը։ Պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի զեկուցմամբ՝ առանց գույքի գնահատման, Կառավարության 2004 թ. մարտի 11-ի թիվ 282-Ա որոշմամբ շենքը թույլատրվել է ուղղակի վաճառքով օտարել 55 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, մինչդեռ մոտ երեք ամիս անց դրա կադաստրային արժեքը կազմել է 218 միլիոն 215 հազար դրամ։
Բացահայտվել է, որ առուվաճառքի պայմանագրով հողամասի վարձակալության իրավունքի փոխանցում չնախատեսվելու պայմաններում 0,266 հա պետական հողամասի նկատմամբ գրանցվել է ֆիզիկական անձի վարձակալության իրավունքը, ինչի հիմքով նա հետագայում անհատույց ձեռք է բերել սեփականություն՝ 18 միլիոն 513 հազար դրամ կադաստրային արժեքով։
