«Խաղաղության դարաշրջանի» Հայաստանի եւ Ադրբեջանի պատկերացումները
Տեւական ժամանակ Հայաստանի վրա հարձակման համար հող նախապատրաստող Ադրբեջանը սեպտեմբերի 13-ին ներխուժեց Հայաստանի սուվերեն տարածք, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրետանային միջոցներից ինտենսիվ կրակ վարելով Գորիսի, Սոթքի, Ջերմուկի եւ այլ ուղղություններով:
Օգոստոսի 31-ից Ադրբեջանը ապատեղեկատվություն էր տարածում, որ իբր Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ են բացել: ՊՆ- ն մեկ շաբաթից ավելի զբաղված էր Ադրբեջանի ապատեղեկատվության հերքումով։ Մինչ փորձագիտական շրջանակները խոսում էին մոտալուտ պատերազմի մասին, Հայաստանի իշխանությունները լծված էին այսպես կոչված՝խաղաղության օրակարգը առաջ մղելուն։
Թշնամու դեմ մղված ծանր մարտերի ընթացքում զոհվեց 135 հայ զինծառայող, ցավոք սրտի այս թիվը դեռ վերջնական չէ: Ունենք նաեւ բազմաթիվ վիրավորներ: Գերեվարվածների, վիրավորների թվի վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ չեն հաղորդում, չեն հրապարակվել նաև զոհված զինծառայողների անունները։Ադրբեջանի գործողությունները, ռազմատենչ հայտարարություններից պարզ է դառնում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի պատկերացրած խաղաղության դարաշրջանը տրամագծորեն տարբեր են իրարից։
