-Shadow-Here--Shadow-Here- «Ռմբակոծության օրը բնակիչներին տարհանել ենք, բայց ես ու էլի ինձ նման մարդիկ հսկում ենք գյուղը, հո անտեր չենք թողնելու». Հ.Ավետյան – ԱՄԲԻՈՆ NEWS

«Ռմբակոծության օրը բնակիչներին տարհանել ենք, բայց ես ու էլի ինձ նման մարդիկ հսկում ենք գյուղը, հո անտեր չենք թողնելու». Հ.Ավետյան

«Սեպտեմբերի 13-ի ռմբակոծությունից հետո Սոթքը մեծ ավերածությունների է ենթարկվել. 30-ից ավելի տուն հիմնովին քարուքանդ է եղել, մի էդքան էլ տուն կա, որ վնասվել է, նորոգման կարիք ունի: Ռմբակոծության օրը բնակիչներին տարհանել ենք, բայց ես ու էլի ինձ նման մարդիկ հսկում ենք գյուղը, հո անտեր չենք թողնելու: Երեկվանից կրակոցները դադարել են, գնում, շրջում ենք գյուղում, մենք չենք ուզում լքել մեր գյուղը: Ես ինքս լքելու կողմնակից չեմ, բայց երբ չկա անվտանգության երաշխիք, հո մարդուն ստիպելով չես բերի ասի՝ գիտե՞ս, դու էստեղից պիտի չշարժվես: Վտանգավոր իրավիճակ է, ամեն մարդ իր երեխայի անվտանգության մասին է մտածում: Թշնամու թիրախում Սոթքն է. զորամասի և գյուղի վրա էին կրակում: Զորամասը պայթեցրել են, բազմաթիվ զոհեր են եղել, որպես բնակավայր, Սոթքը գոյություն չունի»,- պատմում է Սոթքի նախկին գյուղապետ Հակոբ Ավետյանը:
Ըստ Ավետյանի՝վերջին անգամ այսպիսի ինտենսիվությամբ, այս ծավալների կրակոց եղել էր Արցախյան առաջին պատերազմի տարիներին, երբեմն կրակոցի ձայներ լսել են 2020թ.-ի նոյեմբերի 9-ից հետո:
«Մեր տարածքները մենք պիտի պաշտպանենք, ոչ մի միլիմետր անգամ պիտի թույլ չտանք, որ հանձնվի թշնամուն:
Պետությունը պիտի ապահովի անվտանգությունը, որ գյուղերը չդատարկվեն, նախքան էս դեպքերը մարդիկ ապրում էին Սոթքում, ամեն մարդ իր գործը գիտեր, որ վտանգը գլխիդ վերևը կախված չլինի, ինչի՞ կգնաս կամ ինչի՞ պիտի մտածես գնալու մասին :
Սոթքում, չնայած ինչո՞ւ միայն Սոթքում, ամբողջ Հայաստանում անվտանգության լուրջ խնդիր կա:
Նոյեմբերի 9-ից հետո էլ, երբ գյուղում իրավիճակը փոխվեց, մարդկանց մի մասը մինչև վերջ մնաց, եղան մարդիկ, որ գնացին: Էս դեպքերից հետո ավելի մասսայական բնույթի կարող է դառնալ:
Մեզնից ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի, կամ ինչ անակնկալ է մեզ սպասվում, համենայնդեպս լավ բան որ չկա:
Հա ասում ենք՝ չկորցնենք հույսը, բայց մենք պիտի զգանք, որ եկել է էդ պահը, որ մենք առանց վախենալու կարող ենք ապրել, բայց ոնց տեսնում ենք, մեր լավատեսությունը իրատեսական չէ»,- նշեց Սոթքի նախկին գյուղապետ Հակոբ Ավետյանը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )