Զելենսկիի գրասենյակը խոստացել է պատասխանել Պուտինի` Մոսկվայում հանդիպելու առաջարկին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անպայման կարձագանքի Ռուսաստանի ղեկավարի՝ Մոսկվայում հանդիպելու առաջարկին: Այս մասին հայտարարել է Զելենսկիի մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Վերջերս Զելենսկին տեսաուղերձ էր նկարահանել, որում նա Ռուսաստանի նախագահին հրավիրում է «հանդիպելու ուկրաինական Դոնբասի ցանկացած վայրում»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկիի հետ Մոսկվայում քննարկել երկու երկրի հարաբերությունները ցանկացած ժամանակ, երբ հարմար կլինի վերջինիս:
Պուտինի խոսքով՝ Կիևը վերջերս բազմաթիվ քայլեր է կատարել, որոնք կործանում են Մոսկվայի հետ հարաբերությունները, սակայն եթե Ուկրաինայի նախագահը ցանկանում է սկսել հարաբերությունների վերականգնումը, Ռուսաստանը կողջունի դա:
