Մեհրիբա՞նն է սրում իրավիճակը
Երեկ ադրբեջանական վտարանդիության աղբյուրներն ուշագրավ տեղեկություն էին տարածել, որ հուլիսի լույս 15-ի գիշերն Իլհամ Ալիեւը տեւական փորձերից հետո կարողացել է կապ հաստատել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ եւ խնդրել, որ միջնորդի հայ-ադրբեջանական սահմանին զինադադար հաստատելու:
Ըստ նույն աղբյուրների, պայմանավորվածություն է ձեռք բերվել հեռախոսազրույցը չհանրայնացնել, որպեսզի Իլհամ Ալիեւը «դեմքը պահի»: Երեկ օրվա ընթացքում իրավիճակն իրոք հարաբերականորեն հանգիստ էր: Ի՞նչ է տեղի ունեցել Բաքվում, որ անցած գիշեր ադրբեջանական զինուժը վերստին անցել է սադրանքների: Մեկնաբաններից ոմանք կարծում են, որ այս օրերին Ադրբեջանում հրատապ է ոչ այնքան պատերազմի եւ խաղաղության, որքան՝ նոր իշխանության կազմավորման խնդիրը:
Տարեսկզբին Մոսկվա էր այցելել Մեհրիբան Ալիեւան եւ արժանացել ՌԴ նախագահ Պուտինի ընդունելությանը: Որոշ աղբյուրներ նույնիսկ նշում էին Իլհամ Ալիեւի հեռանալու կոնկրետ ժամանակ՝ մայիսի վերջ: Ըստ երեւույթին, կորոնավիրուսային համավարակը սրբագրումներ է արել սահուն իշխանափոխության ծրագրում: Ադրբեջանական վտարանդիության շրջանում տպավորություն կա, որ Մեհրիբան Ալիեւան այլեւս անկարող է զսպել ախորժակը: Ավելի վաղ մենք նկատել էինք սահմանային լարվածության շուրջ այր եւ տիկին Ալիեւների գնահատականների տարբերությունը: Մինչ Իլհամ Ալիեւն ասում էր, որ «զոհերի վրեժն առնված է»՝ հասկանալ տալով, որ իրավիճակի կայունացման ժամանակն է, Մեհրիբան Ալիեւան, ընդհակառակը, գտնում էր, որ «զոհերի համար վրեժը կառնվի»: Այսինքն, անոնսավորում էր նոր մարտական գործողություններ: Անցած գիշեր վերսկսված ադրբեջանական գրոհներն ու՞մ հրամանով են: Ու՞մ հետ գործ ունեն հայկական կողմը, միջնորդները, նույն Ռուսաստանը, որին, կարծես, հաջողվեց վերստին հաստատել Հարավային Կովկասի «պարեկի» միջազգային կարգավիճակը: Իլհամ Ալիեւն այլեւս որոշումներ չի՞ ընդունում:
