Երկու Նիկոլ եւ երկուսն էլ Փաշինյան․ ուսումնասիրություն, ՀՀ գործող վարչապետի պապի մասին․ remembrance.ru
Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց իր պապի լուսանկարը, ով եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից եւ անհետ կորել։ Ըստ գործող վարչապետի գրառման, իր պապը, ում անունը եւ ինքը կրում է, ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ գնդում /ծնվել է 1913 թվականին, անհետ կորել՝ 1943 թվականին/։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը «Միր» ՀԸ տված հարցազրույցում, խոսելով պապի մասին ասել է, որ մի քանի հին ու խամրած լուսանկարներ են պահպանվել։ Նա նկատել է, որ դրանք թանկ հիշողություններ են իր համար, եւ ինքը պատվով է կրում իր պապի անունը։ Մայիսի 9-ի այդ գրառումը շուտով սկանդալի առիթ է դառնում։ Մի քանի ժամ անց հայտնվում են հրապարակումներ այն մասին, որ Նիկոլ /այ/ Վարդանի Փաշինյանը, ով եղել է կարմիրբանակային, իսկ հետո գերի է ընկել, համագործակցել է նացիստների հետ եւ զոհվել է 1943 թվականին՝ Կարմիր բանակի դեմ մարտերում։ Միանգամից հայտարարվեց, որ դա էլ հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապն է։ Հրապարակումները անմիջապես մտան հայկական մամուլ, իսկ հետո էլ ռուսական եւ ադրբեջանական մամուլում հրապարակվեցին։ Ռուսական Lenta.ru, Gazeta.ru, «Московский комсомолец» եւ «Комсомольская правда» պարբերականները անդրադարձել են այդ հրապարակումներին, որից հետո ՀՀ վարչապետի մամուլի ծառայության կողմից հրապարակվել էր հերքման տեքստ, նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապը Նիկոլ /այ/ Առաքելի Փաշինյանն է, ոչ թե Նիկոլ/այ/ Վարդանի Փաշինյանը։ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի պատմության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Դյուկովը փորձել է պարզել, թե իրականում որ մի Նիկոլ/այ/ Փաշինյանն է գործող վարչապետի պապը։ Իր ուսումնասիրությունը նա հրապարակել է remembrance.ru կայքում։

««Подвиг народа» ռուսական ՊՆ-ին պատկանող կայքում առկա է հուղարկավորության վկայականը (Grabmeldung) Նիկոլայ Փաշինյանի (Nikolei Paschinjan), ով ծառայել է նացիստների կողմից ստեղծված Հայկական լեգիոնի 814-րդ հետեւակային ջոկատում։ Նա ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 23-ին, ծնունդով Ենոքավան գյուղից է եղել (Jenukawan), որը գտնվում է Հայաստանի Իջեւանի շրջանում։ Զոհվել է 1943 թվականի սեպտեմբերի 29-ին։ Քարտն ունի ռուսալեզու գրառում այն մասին, որ պետք է հարցում ուղարկվի Իջեւանի շրջխորհուրդ՝ Նիկոլ Փաշինյանի մասին ճշտումներ կատարելու համար։
