Առաջ կպոռանք, ետ-ետ կերթանք

Խարդավանքը, ատելությունն ու մաղձը հոգեբանական տեսանկյունից մեզանում նոր երեւույթ չեն: Հայ իրականության մեջ տարբեր շրջաններում այն մե՛կ գլուխ է բարձրացրել, մե՛կ տարրալուծվել:
Հիմա կասեք՝ ինչո՞ւ միայն հայ իրականության մեջ…
Շեքսպիրի ամբողջ ժամանակաշրջանն ու նրա գործերը նաեւ ատելության ու խարդավանքների վրա են հյուսված: Կիսում եմ այդ կարծիքը: Հո պատահական չէ՞ր, որ հայերս, անգլիացիներին հավասար, այդքան շատ Շեքսպիր ենք բեմադրել, տեսակետ կա, որ մենք նույնիսկ ավելի շատ ենք բեմադրել: Այսինքն, խարդավանքների մեջ հաճախ ենք թաթախվել:


Վկա՝ շեքսպիրյան հերոսների անվանացանկը` Համլետ, Ալբերտ, Ռոբերտ, Օֆելյա, Դեզդեմոնա… անվերջ կարելի է թվարկել: Սակայն, ինչպես հին ասացվածքն է հուշում, այն, ինչ կարելի է նրանց, հակացուցված է մեզ: Այսօր էլ այդպես է: Այդ՝ «խարդավանք» ու «ատելություն» կոչվածը, երբ նեղ անձնականից վերաճում է պետական քաղաքականության, արդեն ժանգի պես պետությունն էրոզիայի է ենթարկում: Ցավոք, նորանկախ մեր պետականությունը ստեղծվեց հենց խարդավանքների, ատելության ու ամբիցիաների հողի վրա:
Շատերդ եք հիշում 1990-ականների ՀՀՇ – ՀԱԲ առճակատումը: Այդ 2 հապավումը` Հայոց համազգային շարժում եւ Հայոց ազգային բանակ, բացելիս հոգիդ փառավորվում է: Եվ ինչ… Արդյունքում օրը ցերեկով, պետականության հիմքերը դնելիս, Երեւանի կենտրոնում երկու բանագնաց հերոս ազատամարտիկներ խարդավանքների անմեղ զոհ դարձան, եւ հաղթանակեց իշխանության ձգտող մի թեւը` ՀՀՇ-ն: Այդ օրվանից էլ մեզանում սկզբնավորվեց ատելության կորոնավիրուսը: Չխորանալով նրանց գաղափարական առճակատման հարցերում, բոլորովին էլ կարեւոր չէ՝ ներսից էր, թե դրսից: Ասելիքս այն է, որ ի վերջո այսօրվա սեւի ու սպիտակի ֆորմուլան էն գլխից է գալիս: Ցավոք, պետականությունն ատելության, մասնատման հիմքի վրա դրվեց:
Դրանից հետո՝ մոտ 3 տասնամյակ, ով իշխանության եկավ, փոխանակ անցյալին քաղաքական գնահատական տալու, ապա առաջ անցնելու ու համախմբելու, հակառակն արեց: Էստաֆետի նման, էդ ատելության վիրուսով վարակված փայտիկը մի իշխանավորը մյուսին փոխանցեց:
Եվ ունենք այն, ինչ ունենք… Ծայրահեղությունների ժողովուրդ ենք, ոսկե միջինը հեչ մեզ համար չէ…
Դա բոլորովին էլ չի նշանակում, որ ես համահարթեցման կողմնակից եմ: Ճիշտ հակառակը․ համախմբվելը՝ գոնե քո գաղափարակիցների հետ, ուս-ուսի տալը բոլորովին էլ համահարթեցում չեն նշանակում: Ինչ վերաբերում է հին հիվանդությանը, սեփական ամբիցիաներին ու խարդավանքներին գերի մնալը, բոլորովին լավ տեղ չի տանելու:
Ասեմ ավելին․ ես միշտ էլ ինքնամաքրման (կատարսիսի) կողմնակից եմ եղել, ինչի մասին բազմիցս եմ գրել։ Սակայն այդ «ինքնամաքրվել» ասվածն ընտրովի պիտի չլինի: Պիտի չասես՝ սա իմն է, իսկ սա՝ քոնը…
Խոսքն ամենեւին էլ կոշտ դիրքորոշումների մասին չէ: Սկզբունքորեն դրան դեմ եմ: Այլ այն, որ եղեռն տեսած ժողովուրդը նման վայրիվերումների իրավունք չունի: Պետականության պահպանումը մեզ համար այսօր կարեւորագույն խնդիր է, իսկ խարդավանքներն ու ատելությունը պետականաքանդ երեւույթներ են:
Ինչպես երգիծաբանը կասեր` առաջ կպոռանք, ետ-ետ կերթանք… Կարծում եմ՝ սխալների սրբագրման ժամանակներն են եկել, այլապես կարող է ուշ լինել:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )