Ինչ է կատարվում <<Յուքոմ>>-ում

«Յուքոմ» ընկերությունում արշալույսներն արդեն տեւական ժամանակ է՝ խաղաղ չեն։ Նախ լուրեր տարածվեցին, թե «Յուքոմն» ու «Բիլայնը» միանում են, եւ, փաստորեն, հերթական ընկերությունը հայտնվում է ռուսական կապիտալի տնօրինության տակ։ Ապա «Յուքոմի» տնօրենն ու փոխտնօրենը՝ Եսայան եղբայրները, դիմում գրեցին՝ աշխատանքից ազատվելու, եւ հանդես եկան հայտարարությամբ։ Նրանց հետեւեցին ընկերության մոտ 856 աշխատակիցներ՝ դիմումներ գրեցին, սակայն շարունակեցին աշխատել, որ երկրում կապի ու հեռուստաեթերի առյուծի բաժինը տնօրինող ընկերության աշխատանքները կոլապսի չմատնվեն։ Հետո Եսայանները հայտարարեցին, որ իրենք պատրաստ են գնելու ընկերությունը, եթե Խաչատրյաններն ուզում են վաճառել այն։ Եվ սկսվեց լուրջ հակամարտություն՝ ընկերության սեփականատեր Խաչատրյանների, ու քանի որ Գագիկ Խաչատրյանը կալանավորված է, ուստի հակամարտող կողմում են նրա որդիները, եւ ընկերության տնօրենի ու աշխատակազմի մի մասի միջեւ։ Սեփականատերերը որոշեցին տնօրենին փոխել, եւ հարցը կլուծվի։ Սակայն Եսայանների հայտարարությունից դատելով՝ նրանք բանակցությունների մեջ են, ուզում են «Յուքոմը» գնել Գագիկ Խաչատրյանից, ինչը ոմանք մեկնաբանում են որպես ունեցվածքի վերաբաշխում եւ իշխանությունների մասնակցությունն են տեսնում այստեղ։

«Յուքոմ»-ի նոր տնօրենը՝ Արա Սերգեյի Խաչատրյանը, որը կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի թոռն է, եղել է «Գալաքսի ընկերությունների խմբի» գլխավոր ֆինանսական տնօրենը։ Նշենք, որ «Գալաքսի ընկերությունների խմբի» հիմնադիրներից են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները, որոնք նաեւ հանդիսանում են «Յուքոմ» ընկերության բաժնետերերը։ Յուրաքանչյուրը 11.9 տոկոս բաժնեմաս ունի։ Այսինքն՝ կարելի է ասել, որ Արա Խաչատրյանը տնօրեն է նշանակվել Խաչատրյան եղբայրների կողմից, սակայն «Յուքոմի» աշխատակազմը եւ նախկին տնօրինությունը հայտարարում է, որ սա ֆիկտիվ նշանակում է, «բաժնետերերի խորհուրդ» հասկացություն գոյություն չունի եւ իրավասու չէ տնօրենին փոխել։
Հիշեցնենք, որ Հայկ Եսայանն իր եղբոր՝ Ալեքսանդր Եսայանի հետ տնօրինում է «Յուքոմի» մոտ 6 տոկոս բաժնեմասը, եւ ոմանք կարծում են, որ հենց նրանք են «Յուքոմի» հիմնադիրներն ու կայացնողները․ Խաչատրյանների դերակատարումը եղել է միայն ֆինանսական ներդրումը, գործառնական մասն իրականացրել են Եսայանները։ Խաչատրյան եղբայրներն իրենց զարմիկի՝ Սուրեն Խաչատրյանի հետ տնօրինում են ընկերության բաժնետոմսերի շուրջ 48 տոկոսը (11.9+11.9+24)։ Եսայանները «Յուքոմի» նրանց բաժնեմասը գնելու համար առաջարկում են 34 մլրդ դրամ, սակայն առաջարկը դեռ օդում կախված է։
Տպավորություն է, որ «Յուքոմ»-ը փորձում են ամբողջությամբ վերցնել Խաչատրյանների ձեռքից, չի բացառվում՝ պայմանավորված քաղաքական իրադրությամբ եւ այժմ կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանի դիրքերի թուլացմամբ։ Նշենք, որ Եսայաններից ու Խաչատրյաններից զատ՝ «Յուքոմ»-ում 10 տոկոս բաժնեմաս ունի նաեւ ռուսաստանաբնակ խոշոր գործարար, «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանի հիմնած «Ֆորա-բանկը», եւս 6 տոկոս էլ պատկանում է Կարապետյանի քրոջ ամուսնուն՝ Սուրիկ Պողոսյանին։ Այսինքն՝ Կարապետյաններն ընդհանուր 16 տոկոս բաժնեմաս ունեն «Յուքոմ»-ում։ Տեղեկացանք, որ Կարապետյանների թեւն այս հարցում չեզոք դիրք է բռնել՝ չի ուզում խառնվել թեմային, իրենց համար միեւնույն է, թե ով կլինի ընկերության տնօրենը։
Իսկ Ալեքսանդր Եսայանը մեզ ասաց, որ «Յուքոմ»-ի նոր տնօրենի նշանակումն «օֆիցիալ չի»։ Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է հանգուցալուծվելու «Յուքոմ»-ում ստեղծված իրավիճակը, Եսայանն ասաց, որ իրենց վերջին առաջարկը՝ գնել ընկերության բաժնետոմսերը, դեռ անպատասխան է, նորություն չկա։ «Հիմա քննարկումների մեջ ենք, հենց ունենանք, անպայման կտեղեկացնենք։ Բայց ուրիշ փոփոխություն չկա․․․ Մենք հայտարարություն ենք արել, որ եթե որեւէ հայտարարություն լինում է, «Յուքոմ»-ից պետք է լինի, ու քանի դեռ չկա հայտարարություն, ուրիշ որեւիցե ասելիք չկա»,- ասաց նա։ ««Յուքոմ»-ի տնօրենն է Հայկ Եսայանը»,- ընդգծեց Ալեքսանդր Եսայանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )