Սուշին կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել. գիտնականներ

Սուշին համարվում է ճապոնական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկը, սակայն գիտնականների անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այն կարող է վտանգավոր լինել։ Global Change Biology պարբերականում հրապարակված հետազոտության համաձայն՝ գիտնականները պարզել են, որ նախորդ հարյուրամյակի 70-ական թվականներից ի վեր ծովամթերքում մակաբույծ որդերի պարունակությունն ավելացել է մի քանի անգամ, ինչը նշանակում է, որ ինչպես հարկն է ջերմային մշակման չենթարկված ծովամթերքը կարող է վտանգավոր լինել։

Խոսքն Anisakis տեսակի որդերի մասին է, որոնք կարող են հանդիպել տարատեսակ ձկների և ծովամթերքի մեջ։ Այս որդերով ախտահարված մթերքն օգտագործելու դեպքում դրանք կարող են ներթափանցել մարդու աղիների պատերի մեջ, ինչը կհանգեցնի տհաճ ախտանշանների առաջացման, որոնք սննդային թունավորման ախտանշաններ են հիշեցնում։
Հետազոտության հեղինակ, Վաշինգտոնի համալսարանի Ջրակենսաբանության և ձկնագիտության դպրոցի դոցենտ Չելսի Վուդի խոսքով՝ այս որդերն օրգանիզմում չեն գոյատևում անգամ մի քանի օր, ուստի տհաճ ախտանշանները նույնպես չեն պահպանվում երկար ժամանակ, սակայն այնուամենայնիվ հարկավոր է հնարավորինս խուսափել այդ մակաբույծներից։

Վարակումից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս ձկան կտորները կիսել ու ստուգել դրանցում որդերի առկայությունը մինչ սուշին ուտելը։ Ընդ որում՝ նա ընդգծում է, որ Anisakis որդերը, որպես կանոն, մարդու համար վտանգավոր չեն, սակայն ծովային կաթնասունների համար կարող են լուրջ խնդիրներ առաջացնել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )