Տիգրան Ավինյանը վատնում է ոստիկանության ռեսուրսը

Կառավարությունը երեկ ևս երեսուն օրով երկարաձգեց արտակարգ դրության ռեժիմը ՀՀ ողջ տարածքում։ Վարչապետն ու պարետն էլ նորից կոչով հանդես եկան՝ մնալ տանը, հնարավորինս քիչ դուրս գալ փողոց, պահպանել պարետատան սահմանած կանոնները։ Իսկ ո՞վ է լսողը։ Քաղաքացիների տեղաշարժի նկատմամբ վերահսկողությունը գնալով հավասարվում է զրոյի, կարելի է ասել՝ վերահսկողություն չկա։ Ոստիկանությունն այս օրերին ուղղակի անիմաստ ռեսուրս է վատնում, քանզի փաստացի որևէ ստուգում չեն իրականացնում։ Մի կողմից պարետատունը սահմանափակումներ է մտցնում մարդկանց տեղաշարժում, մյուս կողմից քաղաքացիներն օր-օրի էլ ավեի շատ են սկսում չենթարկվել այդ սահմանափակումներին և ազատ տեղաշարժվել։

Նույն Չարենցավանում, օրինակ, ընդամենը առաջին երկու-երեք օրն էր, որ խիստ վերահսկողություն էր նկատվում, ամեն քայլափոխի ոստիկաններ էին կանգնած, որոնք կանգնեցնում, ստուգում էին՝ քաղաքացին տեղաշարժման թերթիկ ունի՞, թե՞ ոչ, հարկ եղած դեպքում տուգանում էին։ Արդեն քանի օր է՝ Չարենցավանում արտակարգ դրության նշույլ անգամ չի զգացվում, վերահսկողություն գրեթե չկա, մարդիկ ապրում են իրենց առօրյա կյանքով, ինչպես կորոնավիրուսից առաջ էին ապրում։ Հատկապես արևոտ օրերին քաղաքում իսկական եռուզեռ է տիրում։ Ոստիկաններն էլ այլևս նախկինի պես ամեն քայլափոխի չեն կանգնեցնում մարդկանց ու փաստաթուղթ ստուգում։ Նրանք էլ են հոգնել այս անիմաստ թղթաբանութնունից ու ոչինչ չտվող տեղաշարժման թերթիկներից, որտեղ էական էլ չէ՝ ինչ է գրած։
Նույնը նաև մյուս քաղաքներում է, նույնը նաև մայրաքաղաքում է։ Համեմատաբար դատարկ վիճակ է մայրաքաղաքի կենտրոնում, որտեղ մարդիկ քիչ թե շատ դեռ պահպանում են պարետատան սահմանած պահանջները։ ՄԻնդչեռ ծայրամասերում նույն պատկերն է, ինչ մարզերում՝ գրեթե զրո վերահսկողություն։
Մարզերից Երևան մտնող պոստերում էլ մեքենաներն այլևս այն խստությամբ ու եռանդով չեն ստուգում, ինչ սկզբնական շրջանում էր, երբ շատ մեքենաներ պարզապես հետ էին դարձնում՝ թույլ չտալով մտՆել քաղաք, եթե վարորդը համապատասխան ձևաթուղթ չէր ունենում։ Իսկ ի՞նչ են անում հիմա։ Օրինակ՝ Սևան-Երևան մայրուղուվ Երևան մտնելիս Առինջի մոտ երկու պոստ կա, որտեղ հսկայական զրահատեխնիկայով կանգնած՝ իբրև թե ստուգում են մայրաքաղաք ելումուտ անողներին։ ԻրականոՒմ ոչինչ էլ չեն ստուգում։ Հարցնում են՝ թերթիկ ունե՞ք, հանում ես, որ թերթիկը ցույց տաս, ոչ էլ նայում են՝ ինչ թերթիկ է, մեջն ինչ է գրած, ասում են՝ լավ, ու բարի ճանապարհ մաղթում ու ստանում պատասխան մաղթանք՝ բարի ծառայություն։ Թեպետ այնպես էլ չէ, թե թերթիկում գրած բովանդակությունն էլ այդքան կարևոր է, թե քաղաքացին գնում է աշխատանքի՞, որևէ կարևոր գործարք կատարելո՞ւ, թե՞, ասենք, Համզաչիման կամ ընկերներից մեկի տանը՝ հավաքույթի։ Որևէ մեկը չի ստուգելու սա, մեխանիզմ էլ չկա ստուգելու։ Այդ դեպքում ո՞րն է ոստիկանության ռեսուրսը երկուս ամիս շարունակ այսպես վատնելու, նրանց անիմաստ շահագործլու իմաստը։
Փորձեցինք ոստիկանության լրատվականից պարզել, թե վերջին օրերին քանի՞ քաղաքացու են տուգանել, կամ քանի՞ մեքենա են կանգնեցրել ու հետ ուղարկել ոստիկանները՝ պարետատան պահանջները չկատարելու հիմքով։ Ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը Hraparak.am-ին ասաց, որ իրենց կայքում ամեն օր այդ տեղեկատվությունը թարմացվում է, եթե այսօրվանը դեռ չկա, օրվա վերջում խոստացավ փոխանցել մեզ։ Կայքում փնտրեցինք, չգտանք, պարզվեց՝ վերջին երկու օրվա տվյակները դեռ չեն տեղադրել։
Հարցրինք նաև՝ ոստիկանությունն ինչո՞ւ է ռեսուրս վատնում, 24 ժամ պոստ պահում, եթե պիտի նորմալ չստուգեն, Զարզանդ Գաբրիելյանն ընդամենը հիշեցրեց․ «Ոստիկանությունը կատարում է պարետատան որոշումները։ Իսկ կատարման վերաբերյալ ցանակցած հարցով Դուք իրավունք ունեք դիմել պարետատուն»։
Սխալ է, իհարկե, խղճահարություն առաջացնել ուժային կառույցի աշխատակիցների հանդեպ, բայց մենք էլ ենք նկատում, որ իսկապես մեղկ են 24 ժամ ցրտին ոտքի վրա ինչ-որ անհասկանալի պոստեր պահող ոստիկանները, որոնք իրենք էլ չեն հասկանում, թե հանուն ինչի ծառայում․ պոստ են պահում, որ ի՞նչ անեն։ Ինչպես Զարզանդ Գաբրիելյանն ասաց՝ իրենք ընդամենը կատարում են պարետատան որոշումները։ Տպավորություն է, թե ով ինչպես հասցնում՝ ճնշում ու շահագործում է ոստիկաններին։ Մի կողմից Տիգրան Ավինյանն է իր պարետատնով անխնա շահագործում ոստկանությանն ու վատնում նրանց ռեսուրսը, մյուս կողմից դերասան Հովհաննես Ազոյանն է մուննաթ գալիս իր բնակարան ահազանգով օգնության հասած ոստիկանների վրա, թե ինչո՞ւ դիմակով ու ձեռնոցով չեն եկել, փողոցում էլ քաղաքացիներն են վրա տալիս ոստիկաններին, թե ինչու են իրենց կանգնեցնում ու ինչ-որ թղթեր ստուգում։ Մինչդեռ երկրում նորից ակտիվացել են բնակարանային, ավտոմեքենաների ու տարատեսակ այլ գողությունները, ու թերևս արժեր ոստիկանների ռեսուրսները մոբիլիզացնել հենց այս ուղղությամբ, կամ գոնե սահմանել վերահսկողության այնպիսի մեխանիզմներ, որոնք արդյունավետ կլինեն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )