Կորոնավիրուսի պատճառով ազատվածներին ոստիկանությունը վերահսկելու է․ հնարավոր է՝ այլ ազատվողներ էլ լինեն

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթն օրերս կոչ է արել երկրների իշխանություններին՝ դիտարկել կորոնավիրուսով վարակվելու բարձր ռիսկի տակ գտնվողներին կալանքից ազատելու հնարավորությունը։
Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է ուսումնասիրեն ազատ արձակելու միջոցները COVID 19-ի նկատմամբ խոցելի անձանց համար, այդ թվում՝ տարեց եւ հիվանդություններ ունեցող կալանավորների, ինչպես նաեւ ռիսկի ցածր մակարդակ ունեցող իրավախախտների համար։
Կոչի ետեւից գնացել են նաեւ հայաստանյան բազմաթիվ փաստաբաններ․ նրանք հանդես են եկել միջնորդություններով՝ իրենց պաշտպանյալներին կալանքից ազատելու վերաբերյալ, այդ թվում՝ խոսակցություններ եղան, որ պետք է փոխվի նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։«Հրապարակ»-ը գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկում այս ուղղությամբ։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշեց, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու, ազատությունից զրկված և քրեակատարողական հիմնարկներում պահվող՝ ռիսկային խմբում գտնվող կալանավորված անձանց առողջությունը պաշտպանելու նկատառումներից ելնելով՝ դատախազության նախաձեռնությամբ սկսվել է այդ կատեգորիայի անձանց խափանման միոցը անազատության հետ չկապված խափանման միջոցներով փոխելու գործընթաց․ «Այն իրականացվում է նախաքննության փուլում գտնվող գործերի դեպքում անմիջականորեն դատախազների կողմից կալանք խափանման միջոցը ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով փոխելու որոշումների կայացման, իսկ դատական քննության փուլում գտնվող գործերով, որը մեծամասնություն է կազմում, դատարաններին խափանման միջոցները հրատապ փոխելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու միջոցով: Այս պահին ամփոփվում են իրականացվող նախաձեռնության արդյունքում արդեն իսկ ազատություն ստացած անձանց վերաբերյալ տվյալները, սակայն, ընդհանուր առմամբ, խոսքը շուրջ երկու տասնյակ անձանց է վերաբերում, որոնց զգալի մասը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տարբեր ծանր, համակցված մի քանի կամ խրոնիկական բնույթ կրող հիվանդություններով տառապող անձինք են»:
Աբրահամյանի խոսքով՝ գործընթացը շարունակվում է, չի բացառվում, որ առաջիկայում այլ ազատվողներ էլ լինեն․ «Բացի այդ, ստեղծված իրավիճակից ելնելով՝ դատախազությունը դիրքորոշումներ է հայտնում նաև պաշտպանության կողմից ներկայացվող նման միջնորդությունների վերաբերյալ՝ իհարկե, չափազանց մեծ ուշադրություն դարձնելով ազատության մեջ հայտնվելու դեպքում այդ անձանց կողմից պատշաճ վարքագծի պահպանմանը, ազատության մեջ մնալու պայմանների չխախտման ռիսկերին: Բոլոր ազատություն ստացող անձանց վերաբերյալ տվյալները փոխանցվում են ոստիկանության այն տարածքների բաժիններին, որտեղ հաշվառված են կամ փաստացի գտնվելու են այդ անձինք, որպեսզի նրանց վարքագծի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացվի»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )