Մոտ 70 մլն դոլար. Մեծ Բրիտանիայի բնակիչը շահել է EuroMillions վիճակախաղի ջեքփոթը
Մեծ Բրիտանիայի բնակիչը EuroMillions վիճակախաղի ջեքփոթի շնորհիվ գրեթե 69 մլն դոլար է շահել, հաղորդում է The Sun-ը՝ հղում անելով Միացյալ Թագավորության ազգային վիճակախաղի ներկայացուցիչ Էնդի Քարթերին։
Հաղթողը դեռ հայտնի չէ, այդ պատճառով էլ Քարթերը բոլոր տոմսերի տերերին խորհուրդ է տվել անհապաղ ստուգել դրանք «իրենց մեծ շահումը բացահայտելու համար»։ Հայտնի է միայն, որ հաղթող տոմսը վաճառվել է Միացյալ Թագավորության տարածքում:
Նախորդ տարվա հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի բնակիչը EuroMillions վիճակախաղի տոմսով շահել էր 170,2 միլիոն ֆունտ ստերլինգ։ Նա դարձել էր երկրի պատմության մեջ վիճակախաղով ամենամեծ գումար շահած մասնակիցը։
EuroMillions վիճակախաղը Եվրոպայում անցկացվում է 2004 թվականից՝ ի սկզբանե Իսպանիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում, սիկ ավելի ուշ նաև այլ երկրներում։ Վիճակախաղի կանոնների համաձայն՝ հաղթողն իրավունք ունի անանուն մնալ։
