Արտակարգ իրավիճակում բուհերում առաջացած խնդիրներին ռեկտորները պետք է արձագանքեն. նախարարը՝ հեռավար ուսուցման մասին 13:09 • 18.03.20

Եթե կան կոնկրետ օրինակներ, որտեղ դասախոսը գրականություն չունենալու պատճառով չի ընդառաջում ուսանողին, ապա մենք դրանց կարձագանքենք և ռեկտորների միջոցով կփորձենք այդ հարցը կարգավորել: Այսօր Կառավարության մամուլի կենտրոնում ստեղծված Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ արտակարգ իրավիճակում դասախոսների՝ ուսանողներին չընդառաջելու վերաբերյալ խոսակցությունների մասին խոսելիս՝ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ռեկտորներն իրենք պատրաստակամություն են հայտնել լիարժեք այս գործն իրականացնել, ինչը նշանակում է, որ առաջացած խնդիրներին ևս ռեկտորները կարձագանքեն: Բացի դա, դասախոսները պետք է առցանց նյութեր տրամադրեն: Առաջիկա շաբաթներին դրանց լուծում կունենանք»,- ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են տարվել կրթական համակարգում՝ արտակարգ իրավիճակից ելնելով: Բոլոր տիպի ուսումնական հաստատություններում դասապատրաստումներն ընդհատված են, սակայն վերջին օրերին օրինակ՝ բուհերում գտել են լուծում, որը հեռավար ուսուցումն է:

«Բուհերում այս առումով խնդիրներ չենք ունենա, ինչ վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատություններին, նրանց մեծ մասն արդեն առանց մեր միջամտության գործիքներ են գտել և կարողանում են դասապատրաստում իրականացնել: Մենք չենք կարող ասել, որ այս պահին հնարավոր է ապահովել բոլոր հնարավորությունները, բայց սա դառնալու է հեռավար ուսուցման պիլոտային ծրագիր»,- ասաց նա:

«Մենք կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում հեռավար ուսուցման համար պորտալ ենք ստեղծել, որտեղ հեռավար ուսուցում իրականացնող ծրագրերի մասին ինֆորմացիա կա, որոնցով կարող են իրականացնել հեռավար ուսուցումը»,- ներկայացրեց նա:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս պահին չեն կարող ասել, թե արդյոք այս հեռավար ուսուցումն ամբողջությամբ առկա ուսուցմանը լրացնում է, սակայն մանկավարժները պետք է բոլոր հնարավոր տարբերակները օգտագործեն այն իրականացնելու համար:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )