Գյումրիում ախտահանման աշխատանքներ են իրականացվել

Ինչպես հայտնի է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում երեկվանից Հայաստանում սահմանվել է արտակարգ դրություն։ Այս համատեքստում, Շիրակի մարզում եւս ստեղծվել է կանխարգելիչ միջոցառումների օպերատիվ շտաբ, որը արտակարգ դրության ընթացքում վերահսկողություն է սահմանելու իրականացվող գործողությունների հանդեպ։ Արդեն քանի օր է, Գյումրիում իրականացվում են որոշակի անվտանգության եւ սանիտարահիգիենիկ պահանջներից բխող կանխարգելիչ գործողություններ, ախտահանումներ, հատկապես՝ Հանրապետության երկրորդ քաղաքի բանուկ եւ մարդաշատ վայրերում։ Ախտահանիչ գործողությունների ընթացքում ջրցան մեքենաները շրջել են Գյումրու կենտրոնական, բանուկ եւ մարդաշատ փողոցներով եւ վայրերով եւ քլորաջրով ախտահանել տարածքները, բոլոր կանգառներն ու ճամփեզրերին տեղադրված աղբարկղերը, հարակից տարածքներն ու մայթերը։ Մինչ այդ, Կոմունալ ծառայության աշխատակիցներն ախտահանել են նաև ավտոպարկում երթուղի դուրս եկող աղբատար ու ջրցան ավտոմեքենաները։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )