Գյումրիում ծննդյան տարեդարձի տոնակատարության ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել
Արտակարգ պատահար է տեղի ունեցել Գյումրու նախկին Տեքստիլագործների ակումբում, որտեղ ներկայումս գործում են Մարզամշակութային պալատն ու մի շարք այլ օբյեկտներ։ Թիվ 9 դպրոցի աշակերտներից մեկի 15-ամյակի տոնակատարության ժամանակ, Ալբերտ անունով մի աշակերտ բարձրացել է ռեստորանի տանիք եւ ընկել մոտ 16 մետր բարձրությունից եւ ստացել մարմնական վնասվածքներ։ «Ամբիոնի» հետ զրույցում «Գյումրու ԲԿ»-ից Արմեն Խաչատրյանը փոխանցեց, որ քանի որ երեխան անչափահաս է, նրան տեղափոխել են Գյումրու Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոց։ «Ամբիոնը» կապ հաստատեց նաեւ նշված հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանի հետ, ով ասաց, որ երեխան տեղափոխվել է Երեւան։ «Ամբիոնը» կապ հաստատեց նաեւ Շիրակի մարզի դատախազության հետ, որտեղ պատասխանեցին, որ որեւէ տեղեկատվություն պետք է ճշտել դատախազից, ով տեղում չէր արդեն, եւ իրենք լիազորված չեն ինֆորմացիա հաղորդել։
