Իշխանությունները փորձում են սուտ մատնության հոդվածի կիրառությունը լայնացնել՝ կարճելով լրատվամիջոցների դեմ ռեպրեսիաներ կիրառելու ճանապարհը. Ռոբերտ Հայրապետյան
Իշխանությունները փորձում են սուտ մատնության հոդվածի կիրառությունը լայնացնել՝ կարճելով լրատվամիջոցների դեմ ռեպրեսիաներ կիրառելու ճանապարհը: Այս մասին Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները. սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկմանը հայտարարեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով AntiFake.am-կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանին սուտ մատնության համար ՀՔԾ-ի կողմից մեղադրանքի առաջադրմանը:
«Սուտ մատնության հոդվածը մահակ է, որը փորձ է արվում ճոճել լրատվամիջոցների գլխին: Օրինակ՝ երբ ապաքրեականացվեց զրպարտության և վիրավորանքի հոդվածը, նպատակը հենց լրատվամիջոցների կամ լրագրողների նկատմամբ իշխանության ձեռքին եղած խաղաթղթերը սահմանափակելն էր»,-ասաց նա՝ նշելով, որ երբ սուտ մատնության հոդվածը փոփոխվի, կվերանան վիրավորանքի և զրպարտության գործերով լրատվամիջոցների ներկայացվող բոլոր հայցերը:
«Մենք հստակ նախադեպ ունենք, թե որ դեպքում լրատվամիջոցի հրապարակումը պետք է դիտարկել վիրավորանք, որ դեպքում՝ զրպարտություն: Ակներև է, որ գործող իշխանությունը կամ չի տիրապետում այդ նախադեպին, կամ, ըստ էության, մեկնաբանում է կամայականորեն, որովհետև մենք տեսնում ենք, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ զրպարտություն կամ վիրավորանք են ընդունում բացառապես իրենց համար անցանկալի թեմաները: Խնամքով թաքցրած տեղեկատվության հրապարակումը գործող իշխանության շատ ներկայացուցիչներ դիտարկում են վիրավորանքի և զրպարտության պրիզմայով»,-նշեց Հայրապետյանը:
Անդրադառնալով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախախար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը, թե «Հրապարակ» օրաթերթը հրապարակել է իր անձնական տվյալները, իրավաբանը նշեց, որ օրաթերթն ուղղակի հրապարակայնացրել է փաստը, որում չկա զրպարտող, պիտակավորող որևէ երևույթ:
