Ձուն ինքնարժեքից ցածր գնով է վաճառվում․ինչ է կատարվում շուկայում
Հայաստանյան սուպերմարկետներում ձվի արժեքը 1․5-ից 3-ից անգամ էժանացել է։ Այսօր, օրինակ, խանութներում, ձուն վաճառվում էր 17, 27 և 37 դրամով։ Սա ավելի ցածր գին է, քան ձվի ինքնարժեքն է։
Հայաստանի թռչնաբույծների միությանը սա մի կողմից ուրախացնում է, մի կողմից տխրեցնում։ Միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տխրելու պատճառն այն է, որ տնտեսվարողները սրանից վնաս են կրում և այս վիճակը երկար չի կարող շարունակվել։
Սերգեյ Ստեփանյանը ձվի էժանացումը չի պայմանավորում ոչ ինչ-որ տնտեսվարողի դեմպինգով, այլ նրանով, որ Հայաստանում այս տարի ձվի գերարտադրություն է, և առաջարկը գերազանցում է պահանջարկը։
«Պատճառներն էլ լրիվ օբյեկտիվ են, սուբյեկտիվ չկա, արդյունքն էլ այն է, որ շատ խիստ մրցակցություն է շուկայում, մանր ֆերմերային տնտեսությունների թիվը 2019-ին միանգամից եռապատկվել է։ Մարդիկ վարկ են վերցրել, գնացել են թռչուն են պահում անասուն պահելու փոխարեն»,-ասում է Ստեփանյանը։Սրան գումարվում է այն, որ տարին տաք է եղել և հավերը մինչև դեկտեմբեր ամիսը ձու են ածել։ Պարզվում է՝ ձու ածելն էլ պայմանավորված է եղանակով։ «Նախկինում, սովարաբար, նոյեմբերից դադարում են, իսկ այս տարի մինչև դեկտեմբերի մեկը գռռալով ածել են»-,նկարագրեց Ստեփանյանը։
Նա հույս ունի, որ փետրվարի 13-ից հետո իրացման ծավալները կամաց-կամաց կավելանան։ Հետևաբար՝ նաև իրացումը։
Թռչնաբույծների միության նախագահի խոսքով՝ այս պահին Հայաստանում կա մեծ քանակությամբ ձու, որի ժամկետները մոտենում են ավարտին։ Ուստի, արդեն մեկ շաբաթ է՝ միության աշխատակիցները, Սննդի անվտանգության մարմնի հետ միասին լինում են ֆաբրիկաներում և առաջարկում են ժամկետանցին մոտ ձվերը դուրս գրվեն կամ որպես անասնակեր, կամ ոչնչացվեն։
Բայց քանի որ արտադրության ծավալները մեծ են, իսկ լիկվիդացումն էլ շատ քիչ է կատարվում, ձվի քանակն այնքան չի պակասում, որպեսզի շուկայում գինը կարգավորվի։
Բայց Ստեփանյանը խոստանում է՝ ամեն ինչ անելու են, որ շուկայում գինը նորից գա հասնի նախկին, բայց ոչ թե 2018-ի, այլ 2019-ի գնին, որը 2018-ի համեմատ միջին կտրվածքով՝ 10 դրամով ավելի էժան է եղել։
«Սպառողի համար շատ լավ է, բայց սա գին չէ, սա ինքնարժեքից ցածր գին է, արտադրողը պետք է ինքնարժեք +1 դրամ գին դնի, չէ՞, թե չէ ոլորտը ձեռքից կգնա»,-ասաց Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ մինչև վերջին էժանացումը ձուն արժեցել է առավելագույնը՝ 62 դրամ, միջինը՝ 50-55։
