Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը մեկնարկեց
Այսօր` փետրվարի 17-ին, պաշտոնապես մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը։ Ապրիլի 4-ը լռության օր է, իսկ ապրիլի 5-ին՝ կիրակի օրը, տեղի կունենա հանրաքվեն: Նշենք, որ քարոզարշավը, ինչպես եւ ողջ փոփոխության գործընթացն ունենալու է երկու հիմնական բլոկ՝ «Այո»-ի եւ «ՈՉ»-ի։ «Այո»-ի քարոզչական շտաբն արդեն ձևավորվել է: Շտաբի ղեկավարը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանն է: Հետաքրքրական է այն, որ խորհրդարանական ուժերից որևէ մեկը «Ոչ»-ի շտաբ չի ձևավորել։ Եվ «Լուսավոր Հայաստանը» և ԲՀԿ-ն հայտարարել են, որ չեն մասնակցելու հանրաքվեի գործընթացին: Ըստ գործող օրենսդրության, Ազգային ժողովի պատգամավորների կողմից «Ոչ»-ի քարոզչության կողմ գրանցելու համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը լրանում է այսօր՝ փետրվարի 17-ին, եւ արդեն վաղը՝ փետրվարի 18-ին, «Ոչ»-ի քարոզչության կողմ ձևավորելու և գրանցվելու համար ԿԸՀ կարող է դիմել առնվազն 50 քաղաքացիներից կազմված խումբ: Արտախորհրդարանական ուժերից Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ևս չի մասնակցի հանրաքվեի գործընթացին, իսկ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոչ է արել «անտեսել հակասահմանադրական» հանրաքվեն: Փոխարենը, սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեին «ՈՉ»-ի քարոզչական կողմ ձևավորելու ցանկություն են հայտնել մի խումբ իրավաբաններ ու իրավապաշտպաններ
