Ինչ է ասել իրականում Այազ Մութալիբովը․ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետքերով
Ինչպես հայտնի է, Մյունխենում Ղարաբաղյան հակամարտության հարցով տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ բանավեճ-քննարկման ժամանակ, Հայաստանի վարչապետը, անդրադառնալով այսպես կոչված «Խոջալուի դեպքերին», նշեց, որ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը ժամանակին ասել է, «Արգումենտի ի ֆակտի» պարբերականի հետ զրույցում, որ Խոջալուի դեպքերը կազմակերպվել են ադրբեջանական ընդդիմության կողմից, որոնք էլ պատճառ են դարձել նրա հրաժարականի համար։ Իլհամ Ալիեւը հակադարձել է, որ Մութալիբովը հերքել է, ասելով, որ ինքը նման բան չի ասել, եւ դա հայկական կողմի մտացածին «փաստն» է, որին դիմում են հաճախ։
Նախ, ճշտենք ՀՀ վարչապետին․ հարցազրույցը եղել է ոչ թե «Արգումենտի ի ֆակտի» պարբերականի հետ, այլ «Նեզավիսիմայա գազետա»-ի։ Հարցազրույցը տեղի է ունեցել 1992 թվականին ապրիլի 2-ին։ Ներկայացնում ենք հարցազրույցի տվյալ հատվածը, որտեղ Մութալիբովը խոսում է Խոջալուի մասին։
Դանա Մազալովա/լրագրող/- Ինչ եք դուք մտածում Խոջալուի դեպքերի հետ կապված, որոնցից հետո դուք հրաժարական տվեցիք։ Խոջալուի բնակիչների դիակները հայտնաբերվել են Աղդամից ոչ հետու։ Ինչ որ մեկը նախ կրակել է նրանց ոտքերին, որպեսզի չկարողանան հեռանալ, ապա կացնահարել են։ Փետրվարի 29-ին իմ գործընկերները նկարել են նրանց։ Նոր նկարահանումների ժամանակ՝ մարտի 2-ին, դիակները արդեն վնասված էին նշտարով։ Ինչ որ տարօրինակ խաղ է ․․․
Այազ Մութալիբով․ – Ինչպես ասում են այն խոջալուցիները, ովքեր փրկվել են, այդ ամբողջը կազմակերպվել է այն բանի համար, որպեսզի առիթ լիներ ինձ հրաժարեցնելու։ Ինչ որ ուժ գործում էր որպեսզի վարկաբեկեր նախագահին։ Ես չեմ կարծում, որ հայերը շատ հստակ նման իրավիճակներից պատկերացում ունենալով, թույլ կտային ադրբեջանցիներին ստանալ իրենց ֆաշիստական գործողությունները մերկացնող փաստաթղթեր։ Կարելի է ենթադրել, որ ինչ որ մեկը հետաքրքրված էր այն բանում, որպեսզի հետո այդ կադրերը ցույց տար Գերագույն խորհրդի նստաշրջանին եւ ամեն ինչ կենտրոնացներ իմ անձի շուրջ։ Եթե ես հայտարարում եմ հիմա, որ դա ադրբեջանական ընդդիմության մեղքով է արվել, ապա կարող են ասել, որ ես նրանց վատաբանում եմ։ Սակայն դատողությունների ընդհանուր ֆոնն այնպիսին է, որ միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից թողնված էր։ Այդ դեպքում, ինչու կրակել։ Հատկապես, որ տարածքում, Աղդամին մոտ, կար բավարար ուժեր այն ժամանակ, որպեսզի դուրս գային եւ օգնեին մարդկանց։ Կամ էլ պարզապես պայմանավորվեին, որ խաղաղ բնակիչները հեռանում են։ Նման պրակտիկա եղել է ամբողջ ժամանակ։ Ինձ ամբողջ ընթացքում ասում էին, որ խոջալուցիները դիմադրում են, նրանց պետք է օգնել զենքով, մարդկանցով, պարենով։ Ես հանձնարական տվեցի դա անել ուղղաթիռներով։ Սակայն օդաչուները, ինչպես բացատրեցին ինձ, հրաժարվել են թռչել այդտեղ, քանի որ չունեն հատուկ սարքեր, որպեսզի հեռանան ստինգերներից /Այն ժամանակ, որի մասին խոսվում է, ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերը դեռեւս չունեին ՀՕՊ զենքեր եւ հատկապես ստինգերներ/։ Այսպես անցավ մոտ մեկ շաբաթ։ Այնտեղ, մոտակայքում, տեղակայված էր աղդամյան խմբավորումը, որը պարտավոր էր ամբողջ ժամանակ հետեւել իրադարձությունների զարգացմանը։ Հենց որ տեխնիկան շրջափակեր Խոջալուն, պետք է իրականացվեր բնակչության տարհանում։ Ավելի վաղ, ես նման հանձնարարական տվել էի Շուշիի հետ կապված․ տղամարդկանց թողնել, իսկ կանանց եւ երեխաներին տարհանել։ Դա նույնպես պատերազմի օրենքների մեջ է մտնում։ Նրանց պետք է փրկել։ Իմ պահվածքը օբյեկտիվ էր եւ միանշանակ։ Ես նման հանձնարական տվել եմ, սակայն թե ինչու դրանք չեն կատարվել Խոջալուում, ինձ համար էլ պարզ չէ։ Ես, ի դեպ, այդ ժամանակ մի քանի անգամ խոսել եմ Մկրտչյանի հետ, ով ԼՂՀ զինված ուժերի նախագահն էր։ «Դուք սպանել եք հազարավոր մարդկանց, թույլ տվեք մեզ դուրս բերել դիակները»,- ասել եմ ես, սակայն նա պատասխանել է, որ ոչ մի դիակ էլ լինել չի կարող, նրանց մոտ կան մեր մարդկանցից, որոնց կերակրում են, թեեւ պարենը չի բավականացնում, եւ պատրաստ են բաց թողնել իրենց գերիների դիմաց։
Դանա Մազալովա /լրագրող/- Երբ ձեզ հաղորդեցին զոհերի մասին․
Այազ Մութալիբով- Հաջորդ օրը այն բանից հետո, երբ հաղորդվեց, որ Խոջալուում մի քանի զոհեր կան ընդամենը։ Ինֆորմացիան եկավ ներքին գործերի նախարարից։
Դանա Մազալովա /լրագրող/- Ով էր պատասխանատուն այդ ինֆորմացիայի։
Այազ Մութալիբով – Հենց նախարարը։ Այդ ժամանակ արդեն ստեղծվել էր մամուլի ծառայություն նաեւ պաշտպանության նախարարությունում։ Ուղղաթիռի հետ տեղի ունեցած պատմությունից հետո մենք պայմանավորվեցինք, որ ոչ ոք չստուգված տեղեկատվություն չի հաղորդի։
