Վանեցյանը՝ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի հետ իր կապերի մասին

Երեկ Արթուր Վանեցյանը հանդիպեց մի խումբ խմբագիրների հետ եւ պատասխանեց նրանց հարցերին։ Զրույցի ընթցքում, Վանեցյանը խոսեց Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի հետ իր կապերի մասին․
« Սերժ Սարգսյանին անձամբ չեմ ճանաչում, իր հետ երբեք չեմ հանդիպել։ Նույնը վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին։ Երկուսին էլ գիտեմ որպես մեր երկրի 2-րդ և 3-րդ նախագահներ։ Միքայել Մինասյանին ճանաչում եմ շատ վաղուց, որովհետև բոլոր նրանք, ովքեր ծնվել են Երևանում, գնացել են դպրոց, շփվել են իրար հետ, խաղացել են, կռվել ու բարիշել են․․․։ Այո, Միքայել Մինասյանին ճանաչում եմ, նրա հետ ընկերներ չենք եղել, ունեցել ենք նորմալ շփումներ»,- պատասխանեց Վանեցյանը։
– Վերջին անգամ որտե՞ղ եք հանդիպել, ի՞նչ առիթով։
– Միքայել Մինասյանի հետ վերջին անգամ հանդիպել եմ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ և հանձնարարությամբ։ Հանձնարարության բովանդակության մասին գիտեն 3 հոգի, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, ես, և ևս 2 հոգի, որոնք այսօր իր քաղաքական թիմից չեն։ Մնացած հարցերով խնդրում եմ դիմեք իրենց։
– Ի՞նչ կապեր ունեք Ռամզան Քադիրովի հետ։
– Քադիրովի հետ ունեցել եմ շփումներ, որոնց մասին հիմա չեմ ուզում պատմել, որպեսզի չվտանգեմ այն հնարավոր ծրագրերը, որոնք պիտի իրականանան մեր երկրում մեր երկրի համար։ կարծում եմ՝ առաջիկայում կստացվեն բոլոր այդ ծրագրերը, դրա մասին հանրությունը կտեղեկանա և այդ ժամանակ ես կպատմեմ նաև մանրամասների մասին։ Ռամզան Քադիրովին ես ճանաչում եմ շատ լավ, ինքն էլ հրապարակային իմ ծննդյան օրը շնորհավորել է։
– Իսկ ռուսական հատուկ ծառայությունների հե՞տ։
– Ոչ միայն ռուսական հատուկ ծառայությունների հետ, այլև մնացած բոլոր գործընկեր հատուկ ծառայությունների հետ ես ունեցել եմ շատ ակտիվ շփումներ իմ գործունեության ընթացքում։ Մենք հանդիպել ենք տարբեր շրջանակներում, քննարկել ենք աշխատանքին վերաբերող հարցեր, և այդ հարցերը կրել են զուտ աշխատանքային բնույթ։ Իհարկե, այդ շփումների ժամանակ ձևավորվել են շատ բարիդրացիական հարաբերություններ, որոնք մինչ օրս պահպանվում են, բայց պահպանվում են զուտ նրա մեջ, որ շնորհավորում ենք իրար Նոր տարի, ծննունդ և այլն։ Այլ հանդիպումներ, այլ քննարկումներ, այլ խոսակցություններ, չկան։
– Հայտնի ձայնագրության մեջ Դուք Սասուն Խաչատրյանին ասում եք՝ դատավորին ասացի՝ ուզես-չուզես, կալանքը պիտի տաս։ Եթե դա ձեր նախաձեռնությունը չի եղել, ապա դա ու՞մ հրահանգն է եղել։
– Այդ հեռախոսազրույցը մոնտաժված է, դա մի խոսակցություն չէ, դա մի քանի խոսակցությունների մոնտաժված տարբերակ է, և այդ գաղտնալսումը ներկայացված է այնպես, որ տպավորություն ստեղծվի, որ ես ազդեցություն եմ ունեցել դատավորների վրա։ Նման բան երբևիցե չի եղել, ես երբեք որևէ դատավորի հետ, որևէ քրեական գործի շրջանակներում զրույց չեմ ունեցել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )