Իշխանությունը թքած ունի ամեն ինչի և բոլորի վրա
Իշխանությունը, թքած ունենալով միջազգային գործընկերների զգուշացումների եւ Վահագն Հովակիմյանի նախաձեռնած աղմկահարույց նախագծերի վերաբերյալ Հայաստանի հեղինակավոր իրավաբանների ու սահմանադրագետների քննադատությունների վրա, Սահմանադրական դատարանը լուծարելու եւ իրենց ճաշակով ՍԴ ձեւավորելու առաջին քայլը` սահմանադրական օրենքները դեռ չընդունած, երկրորդ քայլն է նախաձեռնել։
ԱԺ 37 իշխանական պատգամավորներ, այդ թվում՝ Արման Բաբաջանյանը, Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծ են մշակել, եւ, ինչպես ակնկալվում էր, առաջարկում են ուժը կորցրած ճանաչել Սահմանադրության 213-րդ հոդվածը, ինչի իրավունքը, բնականաբար, չունեն։ Այդ հոդվածն ապահովում է, որ «մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»։ Հենց այս գլուխն է հնարավորություն տալիս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին՝ պաշտոնավարել մինչեւ թոշակի տարիքը, այսինքն՝ համաձայն 2005 թվականին ընդունված Սահմանադրության։ Իշխող թիմն առաջարկում է․ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է: Սա նշանակում է, որ ուղղակի դադարեցնում են ՍԴ բոլոր դատավորների լիազորությունները, բացի Վահե Գրիգորյանից եւ Արման Դիլանյանից։ եւ, որ Հայաստանի իշխանությունը, օգտվելով իր ուժի իրավունքից եւ խորհրդարանում բացարձակ մեծամասնությունից, դադարեցնում է ՍԴ գործունեությունը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՍԴ-ի շուրջ առկա ճգնաժամն այս պահին ունի մի քանի ասպեկտ, որոնք լրջագույն մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության եւ իրավական որակների համար:
«ՍԴ ճգնաժամի առաջնային խնդիրը նախկինում նշանակված անդամների եւ 2015թ. փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխով ընտրվող դատավորների պաշտոնների ակնհայտ բովանդակային տարբերությունն է, որի մասին իրավական հանրությունում քննարկումները գնալով ավելի են թեժանում: ՍԴ ներկայիս կազմի պահպանմամբ լրջագույն խնդիրների է բախվում նաեւ ՍԴ-ն՝ ներդատարանական հավասարության իմաստով, քանի որ ՍԴ ներկայիս կազմի պահպանման դեպքում 2015թ. Սահմանադրությամբ ընտրված դատավորների եւ մինչ այդ նշանակված անդամների պաշտոնավարման ժամկետների միջեւ էական տարբերություն կա: Մինչ նորընտիր դատավորները պաշտոնավարում են 12 տարով, նախկինում նշանակված անդամները, որոնք նշանակվել են 1995թ. Սահմանադրությամբ (ՍԴ 2 անդամ), պաշտոնավարելու են մինչեւ 70 տարեկանը լրանալը, իսկ 2005թ. Սահմանադրությամբ (ՍԴ 5 անդամ) նշանակվածները՝ մինչեւ 65 տարեկանը լրանալը»,- նշվում է նախագծում:
Ըստ նախագծի հեղինակների՝ ստացվել է մի իրավիճակ, երբ ՍԴ մի անդամը կարող է այս դատական կազմում պաշտոնավարել 33 տարի (1996-2029թթ.), իսկ նորընտիր դատավորի համար այդ ժամկետը սահմանափակված է 12 տարով:
Ի դեպ, վերնագրից արդեն իսկ պարզ է դառնում իշխանական պատգամավորների իրավագիտական մակարդակը։ Սահմանադրությունում փոփոխությունները ոչ թե օրենք են, այլ՝ փոփոխությունների նախագիծ։ Բայց սա չարյաց փոքրագույնն է, կարելի է ասել՝ թեթեւ անգրագիտություն։ Իրականում, նշված հոդվածն ուժը կորցրած ճանաչելու իրավունք չկա, քանզի այն արդեն իսկ կատարել է իր ֆունկցիան, այդ իսկ պատճառով էլ Սահմանադրության անցումային դրույթ է։
Նախագծի հեղինակները 37-ն են՝ Վահագն Հովակիմյան, Արման Բոշյան, Մերի Գալստյան, Արուսյակ Ջուլհակյան, Արմեն Փամբուխչյան, Մխիթար Հայրապետյան, Բաբկեն Թունյան, Տիգրան Կարապետյան, Հակոբ Սիմիդյան, Կարեն Համբարձումյան, Հայկ Կոնջորյան, Վահե Ղալումյան, Նարեկ Մկրտչյան, Հովհաննես Հովհաննիսյան, Թագուհի Ղազարյան, Սարգիս Խանդանյան, Սոֆյա Հովսեփյան, Մարիա Կարապետյան, Անդրանիկ Քոչարյան, Հովհաննես Իգիթյան, Տաթեւիկ Հայրապետյան, Լիլիթ Մակունց, Արման Եղոյան, Հովիկ Աղազարյան, Արգիշտի Մեխակյան, Նարեկ Զեյնալյան, Ալեքսանդր Ավետիսյան, Տիգրան Ուլիխանյան, Սերգեյ Մովսիսյան, Ռուբեն Ռուբինյան, Գայանե Աբրահամյան, Անուշ Բեղլոյան, Հռիփսիմե Գրիգորյան, Մաթեւոս Ասատրյան, Ալեքսեյ Սանդիկով, Լուսինե Բադալյան, Սոս Ավետիսյան։
