Դատարանը դեռ չի դատապարտել, բայց Քննչական կոմիտեն արդեն «դատավճիռ» է ներկայացրել․ որտե՞ղ մնաց անմեղության կանխավարկածը
ՄԻՊ-Ի ԳՆԱՀԱՏԱԿԱՆՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՐ ՈՉ ԹԵ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ԱՅԼ՝ ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԽԱԽՏՈՒՄԸ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, անդրադառնալով 2026 թվականի օգոստոսի 8-ին Քննչական կոմիտեի կողմից Արգամ Աբրահամյանի վերաբերյալ տարածված հաղորդագրությանը, այն անընդունելի է համարել հիմնականում անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների հրապարակման, ինչպես նաև կրոնական համոզմունքներին առնչվող զգայուն տեղեկության շեշտադրման տեսանկյունից։
Սակայն այստեղ կա ավելի հիմնարար և առաջնային խնդիր, որը չպետք է երկրորդ պլան մղվի՝ անմեղության կանխավարկածի պահպանումը։
ԱՆՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԱԾՎՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՅՆ, ԹԵ ԻՆՉՊԻՍԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԿԱՐԵԼԻ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ, ԱՅԼ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ՝ ԻՆՉՊԻՍԻ ՁևՈՎ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ։
ԵԹԵ ԱՆՁԻ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌևՍ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՉԷ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏՈՎ, ԱՊԱ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԲԱՑԱՌԵԼ ԱՅՆՊԻՍԻ ՁևԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՄՈՏ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ԱՅՆՊԻՍԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՓԱՍՏ Է։
Այսինքն՝ խնդիրը միայն այն չէ, որ հրապարակվել են անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տվյալներ։
Առաջնային խնդիրն այն է, թե այդ տվյալների և մեղադրանքի ներկայացման ամբողջ համատեքստը ինչ պատկեր է ձևավորում հասարակության գիտակցության մեջ։
Անձնական կյանքի տվյալների հրապարակումը կարող է լինել իրավաչափության առանձին խնդիր։ Սակայն եթե նույն հաղորդագրության կառուցվածքը, վերնագիրը կամ բովանդակությունը անձին ներկայացնում է որպես սպանության պատվիրատու՝ այն պայմաններում, երբ նրա մեղավորությունը դեռևս դատարանի կողմից հաստատված չէ, ապա այստեղ արդեն առկա է շատ ավելի հիմնարար խնդիր՝ մարդու անմեղության կանխավարկածի պաշտպանության խնդիրը։
ՄԻՊ-ի հայտարարության մեջ, իհարկե, նշվում է, որ պետական մարմինների հանրային հաղորդակցությունը պետք է խստորեն համապատասխանի անմեղության կանխավարկածին և չպետք է ձևավորի անձի մեղավորության վերաբերյալ կանխակալ վերաբերմունք։
Ի վերջո, անձնական կյանքի կամ կրոնական համոզմունքների վերաբերյալ տվյալների հրապարակման անթույլատրելիությունը կարևոր է, սակայն դրանք երկրորդական են այն դեպքում, երբ պետական մարմնի հաղորդագրությունը կարող է հասարակության մոտ ստեղծել ավելի ծանր հետևանք՝ դատարանից առաջ անձի նկատմամբ հանրային «դատավճռի» ձևավորում։
ԴԱՏԱՐԱՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԱՆՁԻ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ։
ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ԿԱՐՈՂ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԱՌԱՋ ՔԱՇՎԱԾ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ և ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱԿԱՅՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՑՆԵԼ ԱՅՆ ՍԱՀՄԱՆԸ, ՈՐՏԵՂ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՍԿՍՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ՈՐՊԵՍ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։
Հետևաբար, տվյալ դեպքում ՄԻՊ-ի գնահատման առաջին և առանցքային հարցը պետք է լիներ ոչ թե միայն՝ «արդյո՞ք անձնական կյանքի վերաբերյալ տվյալների հրապարակումն անհրաժեշտ և համաչափ էր», այլ առաջին հերթին՝
արդյո՞ք Քննչական կոմիտեի հաղորդագրության ձևակերպումները և դրա հրապարակման եղանակը համապատասխանում էին անմեղության կանխավարկածին և բացառո՞ւմ էին հանրության շրջանում Արգամ Աբրահամյանի մեղավորության վերաբերյալ կանխակալ համոզմունքի ձևավորումը։
Սա առավել կարևոր է այն պատճառով, որ խոսքը սովորական անձի մասին տեղեկատվության տարածման մասին չէ։ Խոսքը ծանրագույն հանցագործության՝ սպանության պատվիրատու լինելու վերաբերյալ մեղադրանքի մասին է։
Այդպիսի մեղադրանքը հանրային դաշտում ինքնին ունի հսկայական ռեպուացիոն և հոգեբանական ազդեցություն։ Երբ այն տարածվում է պետական իրավապահ մարմնի անունից, դրա ազդեցությունը բազմապատկվում է, քանի որ հանրության համար պետական մարմնի հաղորդագրությունը բնականաբար ընկալվում է որպես պաշտոնական և հավաստի տեղեկատվություն։
Հետևաբար պետական մարմնի պարտականությունը միայն տեղեկություն հրապարակելը չէ։ Նրա պարտականությունն է նաև ապահովել, որպեսզի այդ տեղեկության ներկայացման եղանակը չվերածվի անձի նկատմամբ հասարակական մեղադրանքի կամ հանրային դատավճռի ձևավորման գործիքի։
Եվ հենց այստեղ է, որ անմեղության կանխավարկածը պետք է դիտարկվի ոչ թե որպես ՄԻՊ հայտարարության վերջում հիշատակվող ընդհանուր սկզբունք, այլ որպես պետական մարմնի հանրային հաղորդակցության առաջնային սահմանափակում։
Որովհետև երբ դատարանը դեռևս չի ասել իր խոսքը, պետությունը պետք է առավելագույն զգուշությամբ վերաբերվի նրան, թե ինչ է ասում անձի մեղավորության մասին։
Քննչական Կոմիտեն Դատարանից առաջ ընկելով կայացրել է դատավճիռ
