ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՂԵՏ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏ ԱՆՏԵՐՈՒԹՅՈՒՆ. Գյումրու Հաղթանակի այգին վերածվել է աղբանոցի ու գարշահոտության բնի

Գյումրու Հաղթանակի այգին այսօր հայտնվել է խայտառակ ու ողբալի վիճակում՝ վերածվելով անտերության ու անհոգության իսկական սիմվոլի։ Այն տարածքը, որը պետք է ծառայեր քաղաքացիներին ու երեխաներին, այժմ ուղղակի վանող մի միջավայր է, որտեղ ոտք դնելն անգամ տհաճություն է պատճառում։

Ամենաահավոր պատկերը մանկական խաղահրապարակում է, որտեղ երեխաների խաղալն ուղղակի ԱՆՀՆԱՐ Է։ Մոլախոտերը մարդաբոյ բարձրացել են՝ խեղդելով ու իրենց տակ առնելով ամբողջ տարածքը, իսկ նստարանները ողբերգականորեն ջարդված են, քանդված ու լրիվ անօգտագործելի։ Դրան դեռ մի կողմ՝ այգով մեկ կեղտաջրեր են հոսում, որոնցից տարածվող խեղդող գարշահոտությունը պարզապես անտանելի է դարձնում այնտեղ գտնվելը։

Տարածքում նաև անտեսված ու բաց անցք կա, որը միայն լրացնում է այս լքված պատկերը և ցույց տալիս, թե որքան անտարբեր են այգու սպասարկման հանդեպ։

Տարիներ շարունակ այս այգին անտեսված է եղել, և տարածքի քայքայումը տարիների թողտվության արդյունք է։ Սակայն հույսի դրական շող է հայտնվել. քաղաքապետարանն արդեն հայտարարել է շինարարի մրցույթ, ինչը նշանակում է, որ վերջապես սկիզբ է դրվելու այգու հիմնանորոգմանն ու բարեկարգմանը։

Սա ուղղակի խնամքի պակաս չէ, սա տարիներով կուտակված անտարբերություն է քաղաքացիների և հատկապես երեխաների հանդեպ։ Հույս ունենք, որ հայտարարված մրցույթը արագ լուծում կտա այս խայտառակությանը։

Պատկան մարմիններից պահանջվում է ԱՆՀԱՊԱՂ քայլեր ձեռնարկել, վերացնել անտանելի գարշահոտությունն ու հոսող կեղտաջրերը, մաքրել մոլախոտերից խեղդվող խաղահրապարակը, ծածկել անցքն ու վերանորոգել ջարդված նստարանները։

Արամ Դավթյան

Share This