Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա․ առաջարկ կա
Ռուսական «Կրասնոդարի» ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի բարձրագույն լիգայում: Այս մասին հայտնում է ֆուտբոլային փորձագետ Թիմուր Գուրցկայան «Это футбол, брат!» տելեգրամյան ալիքում:
Հատկանշական է, որ եթե կիսապաշտպանը վերջնական որոշում կայացնի տեղափոխվել արաբական թիմ, ռուսական ակումբի սեփականատեր և նախագահ Սերգեյ Գալիցկին չի խոչընդոտի տրանսֆերին: Նա պատրաստ է բաց թողնել թիմի առաջատարին՝ ի նշան երախտագիտության «Կրասնոդարում» անցկացրած տարիների և մատուցած ծառայությունների համար:
Հիշեցնենք, որ 2025/2026 մրցաշրջանում Սպերցյանը փայլուն ելույթներ է ունեցել՝ բոլոր մրցաշարերում մասնակցելով 42 հանդիպման: Նրա ակտիվում գրանցված է 14 դարպասի գրավում և 18 գոլային փոխանցում:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կրասնոդարյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը:
Transfermarkt հեղինակավոր պորտալը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո:
