Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա․ առաջարկ կա

Ռուսական «Կրասնոդարի» ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի բարձրագույն լիգայում: Այս մասին հայտնում է ֆուտբոլային փորձագետ Թիմուր Գուրցկայան «Это футбол, брат!» տելեգրամյան ալիքում:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 25-ամյա հայ ֆուտբոլիստը պաշտոնական առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի առաջնության լավագույն եռյակը ներկայացնող ակումբներից մեկից: Նշվում է, որ անձնական պայմանագրի կետերն արդեն իսկ գոհացնում են Սպերցյանին, և այժմ մնում է միայն համաձայնության գալ «ցլերի» ղեկավարության հետ:

Հատկանշական է, որ եթե կիսապաշտպանը վերջնական որոշում կայացնի տեղափոխվել արաբական թիմ, ռուսական ակումբի սեփականատեր և նախագահ Սերգեյ Գալիցկին չի խոչընդոտի տրանսֆերին: Նա պատրաստ է բաց թողնել թիմի առաջատարին՝ ի նշան երախտագիտության «Կրասնոդարում» անցկացրած տարիների և մատուցած ծառայությունների համար:

Հիշեցնենք, որ 2025/2026 մրցաշրջանում Սպերցյանը փայլուն ելույթներ է ունեցել՝ բոլոր մրցաշարերում մասնակցելով 42 հանդիպման: Նրա ակտիվում գրանցված է 14 դարպասի գրավում և 18 գոլային փոխանցում:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կրասնոդարյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը:

Transfermarkt հեղինակավոր պորտալը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո:

Share This