Պարգի ելույթը՝ եվրատեսիլյան բեմում

Շվեյցարիայի Բազել քաղաքում մեկնարկել է «Եվրատեսիլ 2025» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։

5-րդ համարի ներքո հանդես եկավ Հայաստանի պատվիրակ Պարգը Survivor երգով։

Երկրորդ կիսաեզրափակիչում Հայաստանից բացի ելույթ են ունենում Ավստրալիայի, Մոնտենեգրոյի, Իռլանդիայի, Լատվիայի, Ավստրիայի, Հունաստանի, Լիտվայի, Մալթայի, Վրաստանի, Դանիայի, Չեխիայի, Լյուքսեմբուրգի, Իսրայելի, Սերբիայի, Ֆինլանդիայի,  Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները։

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է այն երկրների ցանկը, որտեղից կարող են աջակցել մեր պատվիրակին և քվեարկել: Քվեարկելու համար հարկավոր է 05 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Հայաստանից մեր պատվիրակի օգտին քվեարկել հնարավոր չէ:

«Ուշադրություն՝ քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն»,- նշում են Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունից։

«Survivor» երգի  հեղինակներն են Թոմաս ՋիՍոնը (Լորինի «Tattoo» և «Euphoria» Եվրատեսիլի հաղթող երգերի հեղինակը) և Բենջամին Ալասուն (Նեմոյի «The Code» Եվրատեսիլի հաղթող երգի հեղինակը)։

«Ես ունեմ երգ «Առաջ», մեսիջն է՝ քայլել առաջ, չնայել դժվարություններին։ Ինձ թվում է՝  այս երգը դրա երկրորդ մասին է։ Միտքն այն է, որ չպետք է որևէ դեպքում հանձնվել, պետք է պայքարել ու գնալ առաջ։ Բոլորս էլ ունենում ենք դժվարություններ, բայց չպետք է կորցնենք մեզ, լույսը»,- ավելի վաղ ասել էր երգիչը։

«Եվրատեսիլ 2025»-ը մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կայացել էր մայիսի 13-ին։ Եզրափակիչը կկայանա մայիսի 17-ին։

Share This